Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:
Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր 50 աշակերտից և 17 մանկավարժից բաղկացած անձնակազմով: Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է: Հորդորել ենք նաև մյուս ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և անցնեն իրենց պարտականություններին: Այժմ դպրոցն ապահովված է անհրաժեշտ գույքով:
Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնել է Աղավնոյի կրթօջախի տնօրենը:










