Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ սկսվել են «Բաց երկնքի պայմանագրից» Ռուսաստանի դուրս գալու ներքին ընթացակարգերը՝ հաղորդում է INTERFAX-ը:
Նախարարությունը հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերին Միացյալ Նահանգները «չհիմնավորված պատրվակով» դուրս եկավ սույն պայմանագրից՝ էապես «խաթարելով մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը, լուրջ վնաս հասցնելով պայմանագրի գործողությանը՝ խարխլելով փաստաթղթի դերը որպես վստահության և անվտանգության ամրապնդման միջոցի:
Ռուսական կողմը ներկայացրել է նոր պայմաններում Պայմանագրի կենսունակությանը նպաստող առաջարկներ: ԱՄՆ-ի դաշնակիցները, սակայն, դրանք չեն ընդունել՝ նշել է ԱԳՆ-ն և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ: Պայմանագրի գործունեությունը շարունակելու հարցում առաջընթացի բացակայության պատճառով Մոսկվան որոշել է դուրս գալ այդ գործարքից: