Հոլանդական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կառավարությունը հրաժարական է տվել երեխաների նպաստների հետ կապված սկանդալի պատճառով՝ տեղեկացնում է euronews-ը:
Ավելի վաղ Նիդեռլանդների հարկային մարմինները ավելի քան 20 հազար ընտանիքի մեղադրել էին խարդախության հարցով՝ սխալմամբ երեխաների նպաստ ստանալու համար: Դրանից հետո պարզվել էր, որ խոսքը վերաբերում է միայն սխալ լրացված վկայագրերին, մասնավորապես, դրանց վրա ստորագրությունների բացակայությանը: Շատերին պարտադրել էին մի քանի տարվա ընթացքում վերադարձնել ստացված գումարները, ոմանց նկատմամբ տասնյակ հազարավոր եվրոյի հայց էր ներկայացվել:
Իրավիճակը պարզելուց հետո քսան ընտանիք դատի է տվել ազգային կառավարությանը՝ նրան մեղադրելով անփութության համար: Չնայած նախարարների կաբինետը պաշտոնապես ներողություն է խնդրել և հանձնարարել է ավելի քան 500 միլիոն եվրո հատկացնել տուժածներին (յուրաքանչյուր ընտանիք ստացել է մինչև 30 հազար եվրո), սկանդալը չի հաջողվել մեղմել: Չի օգնել նաև վարչապետ Մարկ Ռուտտայի կոչը՝ թույլ չտալ երկրում ապակայունացնել իրավիճակը, որն առանց այն էլ բարդ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: