Սլավոնական համալսարանում կպատրաստեն ԱԹՍ-ներ նախագծող ու կառավարող մասնագետներ

ՀՀայկարամ Նահապետյան

Նոր ուսումնական տարվանից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կպատրաստեն անօթաչու թռչող սարքեր նախագծող ու կառավարող մասնագետներ, որոնք պատերազմող Հայաստանին օդ ու ջրի պես հարկավոր են: Սա նման խորությամբ առաջին բուհական ծրագիրն է: Այս պահին մանագետները այն մշակում, կատարելագործում են:

Սևակ Սարգսյան (Հայ-ռուսական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ) - Մասնագետներ պատրաստենք, ԱԹՍ արտադրման բոլոր փուլերում իրենց դրսևորեն և ստեղծեն այդ սարքը:

Մասնագետների պատրաստման առաջարկը Արամ Բաղյանինն է: Ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերության տնօրենը համոզված է՝ մասնագետների պակաս կա: 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո է այդ առաջարկով որոշ բուհերի դիմել, բայց գաղափարը գործնական քայլերի է անցել միայն մեկ տարի առաջ:

Արամ Բաղյան («Իմփրուվիս Էյըրսփեյս ընդ դիֆենս» ընկերության տնօրեն) - Մասնագետների պակաս կա, ունենայինք այս մասնագետներն ու ֆինանսական միջոցներ՝ կհաջողվեր առաջատար տեխնոլոգիաներ ստանալ:

Նոր սերնդի ԱԹՍ-ների արտադրման համար երկու առանձին մագիստրոսական ծրագիր է մշակվում: Գործակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ամերիկյան ու ռուսական բուհերի ու կազմակերպությունների հետ: Մասնագետներ պատրաստելու համար կապեր են հաստատել ու խորհրդակցությունների շարք սկսել նաև աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր կազմակերպություններում աշխատող հայերի հետ, որոնք այդ ոլորտում մեծ հաջողությունների են հասել: Այստեղ ասում են՝ սփուռքի ներուժը օգտագործելով ոլորտում կարող են ունենալ մեծ հաջողություններ:

Թե միջազգային որ բուհերի հետ են գործակցելու՝ դեռ փակագծեր չեն բացում: Վստահեցնում են, որ հետազոտական լաբորատորիա կստեղծեն ու աշխարհի լավագույն փորձը Հայաստան կբերեն: Դասավանդման գործընթացում էլ լավագույններին կներգրավեն:

Սևակ Սարգսյան - Դասավանդելու են մասնագետներ տարբեր բուհերից:

Երկամյա կրթական խիտ ու հագեցած ծրագրում ներառվելու են միայն լավագույնները, որոնք ունեն ֆիզմաթ ու ծրագրավորման գիտելիքներ: Պարտադիր է լինելու նաև անգլերենի իմացությունը: Ամեն մասնագիտության գծով ծրագրում են ներառել 15-ական ուսանող, բոլորն էլ սովորելու են անվճար՝ պետպատվերով:

Արման Դարբինյան (Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ) - Ռազմավարություն պիտի դիտարկել, գիտակցենք՝ ինչու ենք անում: Սարքը  շուկայում պահանջ ունի, սա պետք է երկրի զարգացման համար:

Բաղյանը վստահ է՝ իրենց մշակված ծրագրի շնորհիվ հայ մասնագետները կկարողանան 6-րդ սերնդի կործանիչներ, թռչող ռոբոտներ նախագծել, որոնք ինքնուրույն կփնտրեն ու կգտնեն թիրախները:

Արամ Բաղյան - Նմանատիպ ծրագրի արդյունքում կարող են զարգացնել ոլորտը ռազմարդյունաբերության ճյուղով: 

Աշխարհի փորձը ուսումնասիրել են ու հասկացել, այդպիսի ծավալի բուհական ծրագիր ոչ մի երկրում չկա: Այստեղ վստահ են՝ եթե ծրագիրը հաջողեն, կարող են այն նաև արտահանել:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում