Դեկտեմբերի 11-ը Ադրբեջանից հայ ռազմագերիների մասին տեղեկությունները ՄԻԵԴ ներկայացնելու վերջնաժամկետն է

Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի ծնողներն անհամբեր, անընդհատ դեռ տան դարպասին են նայում ու սպասում:

Լիանա Ալոյան (Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի մայրը) - Հնարավորինս արագ Էրիկիս տուն բերեն:

Բաքվի տարածած հայտնի տեսանյութում տղաները հինգն են: Հոկտեմբերի 8-ից Ռոբերտն էլ ծնողներին չզանգեց, հետո նրան տեսանյութում գտան:

Վարդուհի Պարունակյան (Ադրբեջանում գերեվարված Ռոբերտ Վարդանյանի մայրը) - Դեմքին արյան հետքեր կան: Համոզված եմ, որ ինքն ա, պարզել ենք, որ վիրավոր ա, բոլոր տղաներն են վիրավոր, ովքեր մնացել են տարածքում, չեն կարողացել դուրս գալ:

Դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից հայ ռազմագերիների մասին տեղեկությունների է սպասում:

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Մենք շուրջ մոտ 3 տասնյակ գործերով ստացել ենք տեղեկատվություն, մնացած գործերով ունենք նոր վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 11-ն է:

Ընդդեմ Ադրբեջանի անհատական կամ միջպետական գանգատով ներկայացրել է մոտ 70 անձի գերեվարման վերաբերյալ գործ՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Ադրբեջանը, որպես կանոն, կա՛մ ժամկետ է խախտում, բաց թողնում ժամկետը, կա՛մ խնդրում երկարացնելու վերաբերյալ՝ հղում կատարելով Քովիդին, սահմանի փակ լինելուն, ներքին սահմանափակումներին:

Սա այն դեպքում, երբ համավարակը չխանգարեց Բաքվին՝ Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սկսել, գերիների մասին ամեն օր նոր տեսանյութ են հրապարակում: Փորձում են արագ նույնականացնել անձանց, կազմել գործն ու ուղարկել Եվրոպական դատարան:

Արտակ Զեյնալյան - Մենք մի քանի գործով ներկայացրել ենք հիմնական գանգատ՝ իրավունքի խախտման փաստի ճանաչման պահանջով:

Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութերը տարածելով՝ Ադրբեջանը շարունակում է հոգեբանական պատերազմը: Արտակ Զեյնալյանը կրկին հորդորում է՝ դրանք չտարածել, չդառնալ խողովակ, զենքը չհասցնել թիրախին՝ ժողովրդին:

Արտակ Զեյնալյան - Եթե ձեռք են բերվել, անհատապես ուղարկվեն զբաղվողներին, չտեղադրեն պատին, ի լուր բոլորի, դրանով անձը դառնում է գործիք, խողովակ, փողը, որով արկը հասնում է թիրախին:

Շատ են դեպքերը, երբ անգամ առանց տեսանյութերի, բայց այլ ապացույցներով Ադրբեջանը ՄԻԵԴ-ին հաստատել է անձի գերեվարման փաստը: Գերիների շահերի ներկայացուցիչները վստահ են՝ գործընթացն արդյունք տալու է:

Սիրանուշ Սահակյան - Մեծ բացթողումը, որ տեսնում եմ, դա պաշտոնապես պետությունների պատասխանատվությամբ և երաշխավորմամբ ողջ մնացած, գերեվարված անձանց տվյալների անհապաղ փոխանակումն է, որը ներառված է քաղաքական հայտարարության տեքստում, այս հարցում պետք է հետևողականություն լինի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է աջակցել՝ զոհերի մարմինները դուրս բերելու, փոխանակելու հարցում: Այցելում է Բաքվում պահվող անձանց, բայց գերիների վերադարձի ժամկետի, վայրի մասին տեղեկություն Կոմիտեն դեռ չունի:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Ո՛չ հաստատում ենք, ո՛չ հերքում ցուցակները:

ՄԻԵԴ-ը ճանաչեց 2010-ին Ադրբեջանում խոշտանգված Մանվել Սարիբեկյանի ոտնահարված իրավունքը: Դատական ակտը կատարման փուլում է: Զեյնալյանի խոսքով՝ չպետք է չարաշահել դատական ակտի կատարումը հետաձգելու գործիքները՝ դեպքերի կրկնությունը բացառելու համար:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©