Մոլդովայի խորհրդարանը սահմանափակել է նախագահի լիազորությունները՝ Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը (ISS) տեղափոխելով խորհրդարանի ենթակայության ներքո: Այս որոշումն ընդունվել է ուրբաթ միանգամից երկու ընթերցմամբ՝ առանց խորհրդարանում քննարկման, հայտնում է INTERFAX-ը: Որոշմանը կողմ է քվեարկել նոր խորհրդարանական մեծամասնությունը՝ Սոցիալիստների և Շոր կուսակցությունների խմբակցության 101 պատգամավորից 51-ը: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
Ընդունված օրենքը նախատեսում է, որ խորհրդարանը պետք է նշանակի ծառայության տնօրենին և երկու տեղակալին: Մի խումբ սոցիալիստ պատգամավորների մշակած ծրագիրը սուր քննադատության է ենթարկվել աջակողմյան կուսակցությունների և նորընտիր նախագահ Մայա Սանդուի կողմից, որոնք այս նախաձեռնությունը որակել են իշխանությունը յուրացնելու փորձ: Քվեարկության օրը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել:
Նախորդ օրը Սանդուն իր կողմնակիցներին կոչ էր արել բողոքի ցույց անցկացնել Դոդոնի կողմից իշխանության յուրացման դեմ: Ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնց ցրվելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը հաշված րոպեների ընթացքում և առանց քննարկման ընդունել է բոլոր վիճահարույց օրենքները: Ընդդիմադիր պատգամավորները որոշել են դիմել Սահմանադրական դատարան` «պահանջելու չեղյալ հայտարարել հինգշաբթի օրենսդրության նորմերի խախտումներով ընդունված օրենքները»: