Նամիբիայի Օշանա շրջանի ընտրություններում հաղթել է Ադոլֆ Հիտլեր անունով քաղաքական գործիչ` փոխանցում է BBC ռուսական ծառայությունը։
Նրա լրիվ անունը Ադոլֆ Հիտլեր Ուումունա է՝ ի պատիվ նացիստական Գերմանիայի առաջնորդի:
Ադոլֆ Ուումունան ստացել է 1,196 ձայն, մինչդեռ նրա հակառակորդը՝ ընդամենը 213:
«Այո, անունս Հիտլեր է, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում եմ նվաճել Օշանան կամ ձգտում եմ գերիշխանության»,- մեկնաբանել է Ուումունան իր տխրահռչակ անունը:
Հաղթանակից հետո գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում Հիտլերն ասել է, որ հայրն է նման անուն ընտրել իր համար։
«Նա, հավանաբար, չգիտեր՝ ով է եղել «Ադոլֆ Հիտլերը»: Ես էլ միայն պատանեկան տարիքում հասկացա, որ այդ մարդը ցանկացել է գրավել ամբողջ աշխարհը»,- ասել է Ուումունան:
Քաղաքական գործիչը խոստովանել է նաև, որ կինն իրեն Ադոլֆ է անվանում, և արդեն շատ ուշ է անունը փոխելու մասին մտածելու համար։