ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում միջազգային այդ կառույցի նախագահող Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման բացման խոսքում հատուկ անդրադարձ է արել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային: Ներկայացնելով արյունալի իրադարձությունները, որոնց պատճառով եղան հազարավոր մարդկային զոհեր, Ռաման ասել է, որ այժմ ժամանակն է իրագործել հակամարտող կողմերի ստանձնած պարտավորությունները:
Էդի Ռամա (ԵԱՀԿ նախագահ) - Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Այժմ պետք է շարունակել առարկայական բանակցությունները՝ հավատով, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն՝ հակամարտության համակողմանի, երկարատև և խաղաղ կարգավորման համար:
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի գործուն աջակցություն է ակնկալում հակամարտության կարգավորման գործում: Հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Նույնն ակնկալում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին ամեն կերպ կշարունակենք նպաստել:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Տուլա Իրյոլան ևս խոսել է Արցախի պատերազմի մասին՝ անդրադառնալով հատկապես քաղաքացիական բնակչության կրած տառապանքներին:
Տուլա Իրյոլա (ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար) - Հրադադարի պայմանագիրը սկսել է գործել, սակայն պետք է ջանքեր գործադրել երկարատև խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք ամբողջությամբ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին՝ իրենց դիվանագիտական ջանքերում:
Իր հերթին Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը, ակնարկելով պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները՝ կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել՝ մարդու իրավունքների ոտնահարման, արգելված զենքի կիրառման, վարձկան ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ ճշմարտությունը պարզելու համար:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը նշել է, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում:
Ջոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահների խորհրդի՝ հակամարտության կարգավորման բանակցային տարբերակը: ԵՄ-ի համար առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում կայունության հաստատումը: Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր գործիքներն ու քաղաքականությունը՝ այդ նպատակներին հասնելու համար:
ԵԱՀԿ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին ելույթ են ունեցել այլ երկրների պաշտոնյաներ ևս՝ շեշտելով տևական խաղաղության անհրաժեշտությունը:
Նաիրի Հոխիկյան