Մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները պետք է հստակ աշխատեն՝ սա ահագնացող հանրային պահանջ է, իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանով են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում, և ինչպիսին է մեր գնահատականը:
Փաշինյանը նոյեմբերի լույս 10-ի իրողություններն է օրինակ բերում, նաև ԱԺ նախագահի վրա հարձակումը: Վարչապետի խոսքով՝ տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, 42-ի պարագայում կալանքի միջնորդություն է եղել: Դրանցից 20-ը մերժվել է, 18-ը բավարարվել, իսկ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկի կալանավորումը մերժվել է:
Նիկոլ Փաշինյան - Հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ինչն է խնդիրը, և ինչու մենք ունենք այսպիսի իրավիճակ:
Խորհրդակցության ընթացքում իրավապահ համակարգի պաշտոնյաները ներկայացրել են իրավական գործընթացների, ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները: Ավարտին վարչապետը ընդգծել է՝ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ դիրքից ու պաշտոնից, պետք է պաշտպանված զգա իրեն Հայաստանում: Երաշխավորը իրավապահ համակարգն է, և պետք է բոլոր գործողություններն ուղղել այս խնդրի լուծմանը: