Շատ սխալ և անազնիվ խոսակցություն է ծավալվում այս դահլիճում: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները պատասխանատվության ողջ բեռը դնում են միայն վարչապետի վրա, մինչդեռ նա ինքն արդեն այն վերցրել է իր վրա:
«Եկեք նայենք իրողություններին, հասկանանք այս խնդրի արմատները, ասում եք՝ «հանձնեցիք Արցախը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հարցազրույցում ասաց, որ ՌԴ-ն ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, 2013-ից Հայաստանի առջև դրել են 7 շրջանները հանձնելու պահանջ՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման:
Դուք այս հարցը բարձրացրե՞լ եք՝ եղել եք իշխանություն, ընդդիմություն, հանրության հետ խոսե՞լ եք այդ մասին: Այո՛, գուցե մեր սխալն այն է, որ մենք բաց չխոսեցինք, գուցե պետք էր հանրաքվեի դնեինք այս հարցը:
Հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում ներկա են եղել Էդմոն Մարուքյանը՝ ԼՀԿ-ից և Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ից, վարչապետը ներկայացրել է իրավիճակը, ի՞նչ եք պատասխանել, այդ հարցը դրվել է, ապա արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում է եղել, որից հետո կուսակցություններից երկուսը հայտարարել են, որ փուլային լուծումն անընդունելի է, բայց հիմա մեղադրում են մեզ, ասում են՝ ինչի՞ չհամաձայնեցիք»,- ընդգծել է պատգամավորը: