Sky News Arabia-ն հայտնում է, որ Թուրքիան, որը հարյուրավոր սիրիացի վարձկաններ է հավաքագրել և ուղարկել Արցախում (Լեռնային Ղարաբաղ) կռվելու, այժմ սիրիական ընտանիքներին ուղարկում է որպես վերաբնակիչների:
Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքներ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից տեղափոխել է Արցախ՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից դուրս են բերվել հայկական ուժերը:
Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Հաբուրին հաստատել է այս տեղեկությունը ՝ բացատրելով, որ դա արվում է Արցախում ժողովրդագրական փոփոխություններ առաջացնելու նպատակով:
Ալ-Հաբուրին նշել է, որ ժողովրդագրական այդ մարտավարությունը Թուրքիայի կառավարությունը կիրառում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Աֆրինում, որն այժմ ունի իր նախնական բնակիչների 7 տոկոսից պակաս: Նրանք ցանկանում են այս փորձը կրկնել Արցախում: Նույն մեթոդներն օգտագործվել են ավելի վաղ՝ Ադրբեջանի կազմում Կարմիր Քուրդիստան վարչական միավոր ստեղծելու ժամանակ, որը գոյություն ունեցավ 1923-1929 թվականներին մայրաքաղաք Լաչին բնակավայրով:
Դրանից շատ առաջ տասնյակ հազարավոր քրդերի վերաբնակեցրին այնտեղ՝ Արցախի հայ մելիքներին (իշխանություններին) թուլացնելու և հայերին այդ հողերից վտարելու համար:
Հասկանալի է, որ արաբ և թուրքմեն ընտանիքներ ասելով՝ նկատի ունեն գրոհայինների ընտանիքները: Այլ կերպ ասած, փորձ է արվում օրինականացնել իսլամիստ գրոհայինների ներկայությունը տարածաշրջանում՝ չնայած վարձկանների օգտագործումը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին և ՄԱԿ-ի փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ու հարակից շրջաններից վարձկաններին դուրս բերելու կոչին, ինչպես նաև Ղարաբաղից օտարերկրյա զինյալների անհապաղ դուրսբերման մասին Ռուսաստանի պաշտոնական պահանջին:
Հարավային Կովկասի տարածաշրջանում ջիհադիստ վարձկանների ներկայությունը օրինականացնելու փորձը հղի է վտանգավոր հետևանքներով: Վերջերս տեղեկություն ստացվեց, որ, չենթարկվելով իրենց թուրք տերերին, զինված գրոհայիններից ոմանք փորձել են ապօրինի հատել ադրբեջանա-վրացական սահմանը: Այսինքն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին ավելացել է ահաբեկչության սպառնալիքը, նշում է պարբերականը: