Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ-ի դուրս գալը «Բաց երկնքի» պայմանագրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ Ռոբերտ Օ'Բրայանի՝ համաձայնագիրը հնացած է և օգուտ է բերում միայն ԱՄՆ հակառակորդներին: Նա ասել է նաև, որ Ռուսաստանը մի քանի տարի «կոպտորեն խախտել է» այդ պայմանագիրը:
Ավելի վաղ Fox News-ի եթերում Օ'Բրայանը պնդել է, որ Ռուսաստանը «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակում Միացյալ Նահանգների տարածքով իրականացրած թռիչքների ժամանակ հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրին:
Ռուսական կողմը «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է հաշվարկված խաղ և հայտարարել, որ կփորձի պայմանագրում ներգրավված մյուս պետություններից ստանալ կայուն երաշխիքներ իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Վաշինգտոնը ակնկալում է, որ իր դաշնակիցները կկանխեն ռուսական դիտորդական թռիչքները Եվրոպայում ԱՄՆ ռազմակայանների վրայով, միաժամանակ ամերիկյան կողմին կտրամադրեն Ռուսաստանի տարածքի իրենց լուսանկարչական նյութերը:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին: Փաստաթղթի համաձայն՝ մասնակից երկրները կարող են հետախուզական թռիչքներ կատարել միմյանց տարածքում՝ հետևելու ռազմական գործունեությանն ու զենքի վերահսկման ոլորտում առկա պայմանագրերին հետևողական լինելուն: