Հայաստանում արդեն COVID-ին հաղթելու հույս կա՝ փոքրիկ արկղով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռուս գործընկերոջից՝ Միխայիլ Մուրաշկոյից ստացավ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները:
«Սպուտնիկ» պատվաստանյութի առաջին խմբաքանակը ռուսական կողմի միակ նվիրաբերումը չէր: Ռուսաստանը Հայաստանին է նվիրել շարժական կենսալաբորատորիա: Վտանգավոր վարակների հետազոտություններն արդեն հեռավոր ու դժվարհասանելի վայրերում կիրականացնի մոբիլ լաբորատորիան:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այսօր մենք ստանում ենք մեր ռուս գործընկերների հերթական աջակցությունը: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատոր համակարգ, որը մեզ շատ կօգնի պայքարելու ինֆեկցիոն հիվանդությունների դեմ և կանխելու դրանց տարածումը: Շնորհակալ եմ և վստահ, որ նման ընկերությունն ու գործակցությունը կօգնեն մեզ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու խոչընդոտները:
Այս շրջանում Հայաստանը երկու պատերազմ է մղում՝ գործընկերներին ներկայացնում է Թորոսյանը: Համավարակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բժիշկներին ստիպում են երկու ճակատով պատերազմել: Սա մեծ մարտահրավեր է, և այն, ինչ բժիշկներն են անում, սխրանք և հերոսություն է՝ նկատում է Մուրաշկոն։
Միխայիլ Մուրաշկո (ՌԴ առողջապահության նախարար) - Այս բարդ ժամանակահատվածում դուք բախվել եք երկու մարտահրավերի. բացի համաճարակային իրավիճակից, խնդիր է նաև պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած մեծ թվով հիվանդների բուժումը: Ռուսաստանում մեր գործընկերները, բժիշկները պատրաստ են աջակցել ոչ միայն ինֆեկցիոն հարցերում, այլ նաև կարևոր են վնասվածքաբանության և նյարդավիրաբուժության հարցերը: Մեր բժիշկները պատրաստ են և՛ պրակտիկ ոլորտում, և՛ կոնսուլտացիոն:
Հայաստանն ու Ռուսաստանը միասին ինֆեկցիոն հիվանդությունների հաղթահարման
երկար ճանապարհ են անցել, վերջին 5 տարում համատեղ 6 տարբեր ծրագիր կյանքի կոչել՝ նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Ռուսաստանի դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
Աննա Պոպովա (Սպառողների իրավունքների պաշտպանության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար) - Սա էսքպրես լաբորատորիա է, որը կարող է հետազոտել առավել վտանգավոր վարակներ, իրականացնել մեկ օրում մինչև 1600 հետազոտություն: Մենք պատրաստ ենք սկսել աշխատել մեր մասնագետներով, միաժամանակ սովորեցնել նաև ձեր հրաշալի երկրի մասնագետներին:
Շուտով շարժական լաբորատորիան կսկսի շրջել հանրապետությունով, հայտնաբերել վտանգավոր հիվանդություններ, պայքարել դրանց դեմ ու կանխել դրանց տարածումը: