Արցախցի կանանց ձեռքով կարվող հատուկ մաղթանքներով պայուսակներ, որ պատերազմի ավարտից հետո կօգնեն գտնել հեղինակներին: Օշականում և հարակից գյուղերում ոչ միայն հյուրընկալել են արցախցի հարյուրավոր ընտանքիների, այլև օգնում են նրանց հիմնական աշխատատեղ ունենալ:
Որդուն, փեսային, քրոջ որդիներին, ամուսնուն ռազմաճակատ ճանապարհած Տիկին Սվետլանան ուշի-ուշով հետևում է, թե արցախցի նախշուն հարսներն ինչպես են նախշուն բաջի անունով պայուսակ կարում: Միայն այս տեսակը չէ, նաև «Արցախը Հայաստան է» ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի պատկերով Strong Artsakh, այսինքն՝ ուժեղ Արցախ գրառումներով պայուսակներն են համալրում տեսականին: Արտադրվում են Հայաստանում՝ արցախցի կանանց ձեռքով: Այն կանանց, որ այս պահին ժամանակավորապես Հայաստանում են բնակվում:
Սվետլանա Պողոսյան - Ուզում եմ նայել, տեսնել, թե ինչպես են կարում, իմ իմացա՞ծն է, թե՞ ուրիշ:
Տիկին Սվետլանան խմբին միացած կանանցից ամենաավագն է: Մոտ 30 կին արդեն 5 օր է՝ Օշականի մշակույթի տանը կտորից պայուսակ են կարում: Օշականում ու հարակից գյուղերում արցախցի հարյուրավոր ընտանիքների են հյուրընկալել: Երիտասարդ կամավորներից ձևավորված խումբը զբաղվում է նրանց խնդիրներով: Մի քանի օր առաջ էլ որոշեցին, որ օգնելն օգնել, բայց պետք է հիմնավոր մի բան մտածել՝ նրանց աշխատանքով ապահովելու համար:
Վաչե Վարդանյան («Արցախի կանայք Արցախի համար» նախաձեռնության համահեղինակ) - Փորձում ենք հոգալ իրենց ծախսերը, բայց ինչ-որ մի պահ եկավ, որ արդեն մեր ու համայքնապետարանի ռեսուրսներն ավարտվում էին, ու որոշեցինք ալտերնատիվ մի տարբերակ մտածել, դիմեցինք հայ կրթական հիմնադրամին, որը մեզ տվեց գումար՝ մեկնարկի համար ու սկսեցինք:
Վաչեն ու ընկերները առաջին գումարով կարի երեք մեքենա են գնել ու հիմնել «Արցախի կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունը: Առաջին օրը 5 պայուսակ են կարել, երկրորդ օրը 30-ի պատվեր ստացել, այսօր արդեն պետք է հասցնեն Միացյալ նահանգներից ստացված 200 պայուսակի պատվերը կատարել: Կանանցից ոչ մեկն էլ նախկինում այս գործով չի զբաղվել, բայց աշխատանք լինի, ցանկության ու պատրաստակամության պակաս չկա:
Աչքներն ամբողջ օրը լրատվականներից չկտրող, ականջներն էլ լավ լուրի սպասող կանանց արդեն քանի օր է՝ պայուսակի գործը մի քիչ օգնում է նյարդերը թուլացնել: Առաջին իսկ օրից կարի մեքենաների աղմուկը խլացնում են նաև Նարեկ ու Վադիմ փոքրիկների չարաճճի ձայները: Մայրերին խանգարելու չեն գալիս, երկուսն էլ օգնող ձեռք են:
Մեկը ձևում է, մյուսը՝ կարում, երրորդը՝ արդուկում: Հոգնում են՝ փոխարինում են միմյանց, կամ մկրատը դնում, արդուկն են վերցնում: Յուրաքանչյուր պայուսակը 3000 դրամով է վաճառվում: Նախաձեռնության հեղինակները շահույթը երկու մասին են բաժանում:
Վաչե Վարդանյան - 50 տոկոսը տալիս ենք կարողին, 50 տոկոսը՝ ընդհանուր բյուջեին, որը ծառայում է մնացած ընտանիքների առօրյա ծախսերին:
Նախաձեռնողները մտածել են նաև պատերազմի ավարտից հետո պայուսակ կարողների ու նրանց գնորդների հետադարձ կապի մասին: Յուրաքանչյուր գնորդ՝ Հայաստանից թե Սփյուռքից, խաղաղության հաստատումից հետո կարող է գտնել իր պայուսակի հեղինակին: Տվյալները փաթեթում են՝ հատուկ նամակի հետ:
Ռազմիկ Մնացականյան («Արցախի կանայք Արցախի համար» նախաձեռնության համահեղինակ) - Այս նամակներում էլ արցախյան բարբառով ունենք փոքրիկ հատված, որից հետո էլ՝ սպասում ենք քեզ Արցախում ու գրում ենք այն կնոջ անունը, ով կարել է այդ պայուսակը՝ իր հասցեով, այսինքն՝ սա գնողին հնարավորություն է տալիս գտնել իր պայուսակը կարողին ու նաև հետագայում արդեն նա կարող է այդ հասցեով գնալ, ծանոթանալ տվյալ մարդու հետ, ում օգնել է:
Պատվերները կատարվում են «Հայփոստի» միջոցով: Կարող են պատվիրել՝ զանգահարելով 099750541 կամ գրելով ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջերին՝ «Արցախի կանայք՝ Արցախի համար»: Առաքումը կատարվում է «Հայփոստի» միջոցով՝ 1-3 օրվա ընթացքում, իսկ Ամերիկայում պատվիրելու համար պետք է դիմեն տեղի Հայ կրթական հիմնարկության գրասենյակ:
Այս օրերին կարվող ոչ մի պայուսակ դատարկ չէ: Դրանք լիքն են սեփական հողի ու ազգի հանդեպ արցախցի կանանց մեծ նվիրումով, ամուսնու, եղբոր, որդու՝ հաղթանակած վերադարձի սպասումով ու կարելու ընթացքում կողքի սենյակում տարածվող շվիի անուշ հնչյուններով: Պիտակն էլ մաղթանք է՝ արցախցու լեզվով, արցախցու սրտով: