Պատերազմն ու տնից հեռու լինելը չի նշանակում, որ երեխաները պետք է զրկվեն կրթությունից: Չնայած արձակուրդ է, բայց արցախցի երեխաների մի քանի խումբ պարբերաբար մաթեմատիկայի ու անգլերենի դասեր է անում: Միտքը կամավորների խմբի մոտ ֆեյսբուքյան գրառումից է առաջացել, ակտիվ արձագանքներից հետո որոշեցին Երևանում արցախցի երեխաների օրը լցնել օգտակարով ու հաճելիով:
Աշոտ Պետրոսյան («Կրթությունը հանուն հաղթանակի» նախաձեռնության կազմակերպիչ) - Սկզբնական շրջանում մտածում էինք դասերն անել ինչ-որ կենտրոնացված վայրերում, բայց քանի որ կորոնավիրուսի վիճակը վատացավ, և որոշում եղավ դպրոցները փակել, մենք որոշեցինք կենտրոնացված դասերը հետաձգել և փոխարենը փորձել դասերը կազմակերպել այն վայրում, որտեղ բնակվում են երեխաները:
Դասերից բացի երեխաները թանգարան, պատկերասրահ են գնում, երբեմն էլ իրենց ձեռքի աշխատանքը վաճառքի հանում՝ հասույթը հիմնադրամին փոխանցելու պայմանով: Մեր նկարահանման պահին մաթեմատիկայի դասն էր:
Արենն ու Արսենը Արցախի Մարտունիից են եկել: 6 տարեկան են ու արդեն դպրոց են գնում: Արսենը, թեև մի պահ մոռացել էր 6-ին գումարած 1-ի պատասխանը, մտքում արագ հաշվեց, պատասխանեց, հետո առաջարկեց հեքիաթ պատմել: Գայլն անցնում է բոլոր 3 խոզուկների տների մոտով, մենք էլ առաջին անգամ լսում ենք հեքիաթը Արցախի բարբառով: Ընկեր Օլյան իր նոր դասարանից և երեխաների գիտելիքներից գոհ է:
Օլյա Գրիգորյան (մաթեմատիկայի ուսուցչուհի) - Տարիքները տարբեր են, բայց միջակայք կա՝ 7-10 տարեկան են: Կան խնդիրներ, որ բոլորն էլ կարող են լուծել, փորձել եմ նման բաներ գտնել, որ թե՛ հետաքրքիր լինի, թե՛ տրամաբանական, դասեր առանց այն էլ անում են:
Ստեփանակերտցի Տիգրանն ավելի շատ անգլերենի դասին է սպասում, մյուսներից մի քիչ մեծ է: Երևանում սիրում է քաղաքում շրջել, վերջում Կասկադի վերևից քաղաքին նայել: Սպասում է, որ վերադառնա Ստեփանակերտ ու զբաղվի իր սիրած զբաղմունքներով, օրինակ՝ կահույքագործությամբ:
Մեր նկարահանող խումբն այսօր դասերին շատ խանգարեց: «Կրթությունը հանուն հաղթանակի» նախաձեռնության անդամներն էլ կոչ են անում հետևել համանուն Ֆեյսբուքի էջին, և եթե էլի արցախցիներ կան, որ ցանկանում են, որ իրենց երեխաներն օգտակար ժամանակ անցկացնեն, պարզապես թող դիմեն: