Վարչապետ Էրսին Թաթարը դարձել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հյուսիսային Կիպրոսի ՏԱԿ լրատվական գործակալությանը:
Հայտնի է, որ այս թեկնածությանը ակտիվորեն աջակցում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում Էրսին Թաթարը հավաքել է 51,74% ձայն, նրա մրցակից, թուրք-կիպրոսցիների առաջնորդ Մուստաֆա Աքինջին՝ ձայների 48,26%-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, Էրսինը հանդես է գալիս Կիպրոսում երկու պետությունների գոյության օգտին: Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը:
1974 թվականին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին կղզի և գրավեցին տարածքի 37%-ը՝ Կիպրոսը բաժանելով երկու մասի: 1983-ին այստեղ հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: