ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հակառակորդին հասցվել է հրետանային հուժկու հարված:
Հովհաննիսյանի խոսքով՝ կարելի է ասել՝ գլխովին ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, իսկ մնացածը, ՊՆ ներկայացուցչի խոսքով, անհասկանալի է՝ ինչ վիճակում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային որևէ կառույց, պետություն, որն Ադրբեջանի դաշնակիցը չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններն օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ:
Հովհաննիսյանն ասաց, որ մեր զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, ինչը ոգևորիչ է: ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ ծանր պատերազմ է, կարող են լինել մեծ հաջողություններ, կարող են լինել դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց շեշտեց՝ հաղթանակը մերն է լինելու:
«Երբ խոսք է լինում տասնյակ հազարավոր զորքի, Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի մասին, այդ թվում՝ ծովուժից ու սահմանապահներից մինչև հատուկ ծառայություններ, որը դու ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրք, մեկ-երկու կմ աջ-ձախ, հետ-առաջը ոչինչ չի որոշում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև ասաց, որ Իրանի սահմանը վտանգի տակ է:
«Ինչպես ավանդաբար պրակտիկայում եղել է, երբ ջախջախում ես, փախչում են Պարսկաստանի տարածք կամ փորձում են Պարսկաստանի տարածքն օգտագործել, և մենք շատ ուրախ ենք, որ Պարսկաստանը լավ գիտակցում է և կատարում է համապատասխան քայլեր՝ և ոչ միայն քաղաքական»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է. ակտիվ մարտական գործողություններ չկան:













