Комсомольская правда ռադիոկայանի եթերում Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Անկարան կաջակցի Ադրբեջանին և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ ռազմի դաշտում: Ռուս դիվանագետն ասել է, որ «Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, ինքը նախապես գիտեր»:
«Ես բացարձակապես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը: Մեր հռետորաբանությունն այլ է, մեր հայտարարություններն էլ են տարբեր: Մենք Թուրքիա չենք, այլ Ռուսաստան, սա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդները նույնպես ունեն սեփական պատմությունը: Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակը հանդարտեցնելու գործում: Բոլորը հակամարտության խաղաղ լուծման կոչ են անում»,- ասել է Զախարովան: