ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ այցելել է Կրետե կղզում տեղակայված Սուդա-Բեյ ամերիկյան ռազմաբազա և նշել, որ հունա-ամերիկյան հարաբերություններն ամենալավ ժամանակներն են ապրում: Միցոտակիսն ընդգծել է, որ ռազմաբազան վերածվում է տարածաշրջանի ամենակարևոր ռազմավարական շրջանի՝ տեղեկացնում է Euronews-ը:
«Ոչ մի նոր սպառնալիք և անառողջ մրցակցություն չպետք է ծագի Միջերկրական ծովում: Ուրախ եմ նշել, որ պարոն Պոմպեոն կիսում է մեր տեսակետները և հասկանում է, որ ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև լարվածությունը վնասակար է բոլորի համար, դեմ է միակողմանի գործողություններին, որոնք խաթարում են ցանկացած բաց երկխոսություն»,- ասել է Միցոտակիսը՝ անդրադառնալով վերջերս Աթենքի և Անկարայի միջև առկա հակասություններին:
Պոմպեոն այս անգամ Հունաստան է ժամանել՝ չայցելելով հարևան Թուրքիա: Վերլուծաբանները կարծում են, որ սա ազդանշան է Անկարային՝ «չհատել կարմիր գիծը»:
Ենթադրվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Հունաստանում ուսումնասիրում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից հիմնական ռազմական օբյեկտները Կրետե կղզի տեղափոխելու առաջարկը, որը կազմում է Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության մի մասը: