Երբ սահմանին ակտիվ մարտեր են, խաղաղ բնակչության վրա կրակոցների հետ՝ Արցախում փոքրիկ Մոնթե է ծնվել: Բոլորն են վստահ՝ զինվոր է դառնալու:
Երբ ռմբակոծվում էր Ստեփանակերտը, մահի դեմ կռվելով այս ծննդատանը՝ մե՛կ նկուղում, մե՛կ վիրահատարանում նոր կյանքի ձայն լսվեց: Աննան այս հիվանդանոցի 3-րդ մայրիկն է: 35 շաբաթական հղիությունը կարող էր դադարել, երբ կրակոցներից նրանց մեքենան վթարի ենթարկվեց:
Հիմա ձեռքի լուրջ վնասվածքի մասին էլ է մոռացել, միտքը Մատաղիսում կյանք ու մահվան կռիվ մղող ամուսինն է: Գիտի՝ պիտի պայքարի. պատերազմի կրակներում հաղթանակի սերնդին է կյանք տալիս: Հակառակորդ երկրի կեղծ վանկարկումներին, թե խաղաղ բնակչության վրա չեն հարձակվում, հակառակն են ապացուցում այս աչքերը:
Արցախյան Երեք պատերազմով անցած կին վետերաններից տիկին Մանուշակն այս օրերին մարտական է տրամադրված: Արցունքի ժամանակ չունի, պիտի ուժեղ լինի, որ պալատից պալատ անցնի ու սիրտ տա մերոնց: Որն իր տան բակում, որն աշխատանքի գնալիս է վիրավորվել, մահացու վիրավորումներ չեն, բայց պետք է երկար ապաքինվեն:
Մահացու վիրավորում չէ, բայց մահու չափ սիրտ չունի խոսելու: Ադրբեջանի հրետակոծությունից 9 տարեկան երեխան էլ չկա: Էլի Մարտակերտի ճանապարհին: Հրետանային հարձակումից հետո հիմա էլ կողքի հիվանդասենյակում բարեկամուհին է վիրավոր պառկած: Մյուս երեխային վիրահատում էր պետք, ստորին վերջույթի կոտրվածքով արագ հասցրել են Երևան:
Մահվան կողքին էլի կյանք է ծնվում... Հենց նկարահանման պահին 4-րդ անգամ են պատրաստվում երեխայի լույս աշխարհ գալուն: Տղա է թե աղջիկ՝ չգիտեն. հստակ է՝ զինվոր է...