Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Ծառուկյանը չէր ներկայացել դատարան, այլ միանգամից գնացել է ԱԱԾ: Այս մասին նա նշեց ԱԱԾ շենքի դիմաց` լրագրողների հետ զրույցում:
«Սա քաղաքական պատվեր է։ Նման որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով` թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական... Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ ասում են, թե ժողովրդից թաքցնելու բան չունեն,: Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը հավելեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել: Ամեն մեկն Աստծո կամոք պատասխան է տալու»։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր, և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։