Մագավա անունով հսկայական աֆրիկյան առնետն Արիության ոսկե մեդալ է ստացել Կամբոջայում դաշտերն ականազերծելու համար: 70 սանտիմետրանոց կրծողն իր կարիերայի ընթացքում օգնել է գտնել 39 ական և 28 չպայթած զենք՝ հայտնում է BBC-ին:
Մագավա առնետին ոսկե մեդալը շնորհել է PDSA բրիտանական բարեգործական կազմակերպությունը, որն անասնաբուժական խնամք է տրամադրում բնակչության աղքատ խավերի ընտանի կենդանիներին: 1943 թվականից ի վեր PDSA-ն մրցանակներ է հանձնում կենդանիներին, որոնք արիությամբ աչքի են ընկել պատերազմական ժամանակներում, իսկ 2002 թվականից նաև նրանց, ովքեր խաղաղ ժամանակ հատուկ հերոսություն են ցուցաբերել:
Կամբոջայում, մասնագետների գնահատականներով, մինչ այժմ թաղված է շուրջ վեց միլիոն ական, որոնք մնացել են 1970-1980-ական թվականների քաղաքացիական պատերազմից հետո: Միայն անցած տարվա ընթացքում դրանցից զոհվել է 77 մարդ, երկրի շուրջ 40 հազար բնակիչ անդամահատված վերջույթներ ունեն: Դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: