Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը, որին հրավիրված էր մի քանի հարյուր մարդ, անցել է Մինսկի Անկախության պալատում և մինչև վերջին պահը գաղտնի է պահվել բելառուսական հասարակությունից: Այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, ցույցերից խուսափելու համար փակվել են Մինսկի կենտրոնական պողոտաները՝ հայտնում է BelTA գործակալությունը:
Հաղորդվում է, որ Լուկաշենկոն երդվել է բելառուսերեն՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա և ստորագրել է երդման ակտը: Դրանից հետո հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան նրան է հանձնել նախագահի վկայականը:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80%-ը: Ընդդիմությունը իշխանություններին մեղադրեց քվեարկության արդյունքները կեղծելու համար, երկրում բռնկվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք շարունակվում են մինչ օրս:
Եվրամիությունը, ի տարբերություն Ռուսաստանի, հայտարարեց, որ չի ճանաչում Լուկաշենկոյի ընտրության օրինականությունը: