Ընդդիմության այն պնդումը, թե Վանաձորի ավտոգազաբալոնների գործարանը չի աշխատում, չի համապատասխանում իրականությանը, հայտարարեց գործարանի տնօրենը:
Արայիկ Ասրյան, Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն - Մենք ամեն ինչ արել ենք, որ գործարանն աշխատի, մինչև անգամ երկու ամիս կանգնած ենք եղել, գործարանը աշխատել է: Դեռ ավելին` կառավարությունից օգնություն չենք խնդրել, որ օգնեն աշխատավարձ տանք:
Այնուամենայնիվ, համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել արտադրության վրա: Դեկտեմբերին պատվիրված հումքը, որ հունվարին պիտի ստանային, առաջին խմբաքանակը տեղ է հասել մայիսին, իսկ վերջին խմբաքանակին սպասում են միայն այս ամսվա վերջին: Սակայն, ասում են, որ համավարակն այլևս չի կարող խանգարել և իրենք պատրաստ են աշխատել, եթե անգամ կրկին խստացումներ լինեն:
Արայիկ Ասրյան, Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն - Պիտի աշխատել, որովհետև մենք տարածաշրջանում միակն ենք, միայն Հարավային Կորեայում կա, որը մի քիչ ավելի մեծ է: Մենք չունենք մրցակից շուկայում, մենք հիմա արտադրում ենք կարբոնի բալոններ, հեղուկ գազի բալոններ:
Նախատեսում են արտադրել նաև բժշկական թթվածնային բոլոններ, որից մի քանի հատ առաջիկա շաբաթներին կնվիրեն Վանաձորի առողջապահական հաստատություններին: Կառաջարկեն նաև առողջապահության նախարարությանը պետական պատվեր ստանալու նպատակով: Այս արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել իսրայելական կողմը:
Արայիկ Ասրյան, Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն - Ես կարողացել եմ դժվարությամբ պահել 7-8 աշխատակից, այս պահին ունեմ 11 աշխատակից, երեք օրից կդառնան 14-ը, ևս մի 4 օր հետո` 19-ը, մեկ ամսից կունենաք 30 աշխատակից:
Եվ կրկին չաշխատելու հայտարության մասին: Փոխտնօրենն ասում է, որ հրավեր են ուղարկել այդ հայտարությունն արած տեղացի պատգամավորներին, սակայն նրանցից ոչ մեկը հարկ չի համարել լինել գործարանում: Իսկ ավտոմեքենա արտադրելու մասին էլ, ասում են, որ գործարանը հիմնադրվել է որպես գազի բալոնների գործարան: Ավտոմեքենա հավաքելը եղել է իրենց նպատակը, ինչը ներկայացրել էին վարչապետին նրա այցելության ժամանակ:
Անի Շահվերդյան, Վանաձորի գազաբալոնների գործարանի փոխտնօրեն - Պարսկական ֆիրմաների հետ այդ դետալները բերելու և այստեղ հավաքելու մասին ծրագրերը ձգձգվել են, սակայն չի չեղարկվել:
Արտադրության ծավալների ավելացմանը խանգարում է նաև նոր սարքավորումների մատկարարման ձգձգումը: Այժմ գործարանի արտադրական գործընթացներին զուգահեռ իրականացվում է նաև բանվորների մասնագիտական ուսուցում: