Արյունաբանական կենտրոնում մթնոլորտը լարված է, վիճակը՝ սպասողական: «Ո՞վ է բուժելու մեր երեխաներին»,- անհանգստացած են այստեղ բուժում ստացող, քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողները: Մանկական քաղցկեղի բաժանմունքի 41 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառն առողջապահության նախարարի որոշումն է, համաձայն որի՝ արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվեն Դանիելյանը հոկտեմբերի 1-ից չի կարող տնօրինել բուժկենտրոնը: Որոշման հրապարկմանը հաջորդեց մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի՝ ազատման դիմումը, հետո՝ մի ամբողջ բաժանմունքի: Բժիշկները բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խնդրում են վերանայել որոշումը:
Լուսինե Հակոբյան (մանկական ուռուցքաբան) - Ես չեմ աշխատելու, ես իմ համար ասում եմ՝ չեմ աշխատելու, գրած ա, ստորագրած Է , ամեն ինչը ասված Է:
Անահիտ Զախարյան (մանկական արյունաբան) - Սա շատ անսպասելի էր անկեղծ ասած, և անցանկալի՝ կոլեկտիվի համար, կենտրոնի համար, նման իրավիճակում, ես կարծում եմ, կտուժեն մեր հիվանդ երեխաները:
Մանկական քաղցկեղի և արյունաբանության բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում 50 երեխա, բժիշկների վերահսկողության ներքո է գտնվում մոտ 600 փոքրիկ: Արդյոք բուժկենտրոնի լարված վիճակը չի՞ կարող ազդել նրանց բուժման ընթացքի վրա:
Սամվել Դանիելյան (Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Որևէ երեխայի, որևէ հիվանդի առողջությանը որևէ բան չի սպառնում:
Բայց ի՞նչ է լինելու հոկտեմբերի 1-ից հետո. անհանգիստ ծնողները երեկ Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի էին գնացել, այսօր էլ նամակ են գրում վարչապետին և ակնկալում են հանդիպում վարչապետի կնոջ հետ:
Կոլեկտիվը միաձայն պնդում է, որ Դանիելյանին հեռացնելն արդար չէ: Նախ՝ ասում են՝ նրա շնորհիվ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիությունը հասցվել է 75 տոկոսի, և երկրորդ՝ բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք մարդկային կյանքերի փրկության հետ են կապված:
Գևորգ Թամամյան (մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար) - Որոշում կայացնողը պետք է իմանա իր քայլերի հաջորդականությունը և հետևանքները: Տեղի է ունեցել անարդար որոշում:
Հետևանքը կարող է լինել կենտրոնում մասնագետների իսպառ բացակայությունը: Մեր նկարահանումից անմիջապես հետո տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել ևս մեկ բաժանմունքի՝ մեծահասակների քիմիոթերապիայի կլինիկայի ամբողջ անձնակազմը: Հայաստանում այս բժիշկներին փոխարինողներներ կա՞ն: «Երկրում գոյություն ունի նման ընդամենը մեկ կենտրոն, այս կենտրոնն է,- ասում է բժիշկ Թամամյանը,- և բոլոր մասնագետները կենտրոնացված են այստեղ»:
Լիլիթ Սարգսյան (Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ) - Փոխարինողներ կլինեն երևի 10 տարի հետո, որովհետև բոլորիս հայտնի փաստ է, որ բժշկական համալսարանն ավարտելուց հետո 10 տարի է պետք, որ բժիշկը դառնա իսկապես բժիշկ, և այդ փոխարինողներին պիտի գտնվեն մարդիկ, որ սովորեցնեն այս բավականին բարդ մասնագիտությունը:
Միակ հիմնավորումը, որ Դանիելյանի ազատման հետ կապված կոլեկտիվը լսել է, նրա տարիքն է:
Գևորգ Թամամյան - Ոլորտը ղեկավարող նախարարությունը նույնիսկ իրավաբանի կարիք ունի, որ նշել են, որ քանի որ պարոն Դանիելյանի 65 տարին է լրանում, դրա համար, բայց ես իրավաբան չլինելով կարողացա պատասխանը ստանալ, որ ՓԲԸ-ների վրա նման օրենք չի տարածվում:
Առողջապահության նախարարությունն էլ ազնիվ չի համարում բժիշկների բողոքներն ու հիվանդների առողջությունը շահարկելը: Դանիելյանի ազատման մասին այսպիսի մեկնաբանություն է տալիս.
«Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին: Ինչ վերաբերում է աշխատակիցների բողոքներին, նրանցից ոմանք, հիշեցնենք, նախկին տնօրենին հեռացնելուց և Դանիելյանին նշանակելուց հետո խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը հաստատություն»:
Տնօրենն ինքն նույնպես անարդար է համարում նախարարի որոշումը:
Սամվել Դանիելյան - Ոչ թե նրա համար, որ շատ թանկ եմ գնահատում այդ աթոռը... Մեծ անարդարություններ կան առողջապահության մեջ, արդեն տևական ժամանակ է, որի մասին լռելը ուղղակի անմիջապես հիվանդի հետ առնչվող խնդիրների հետ է կապված:
Ասում է՝ քանի որ վիճակը լարված է, դեռ կլռի, բայց ասելիքը շատ է, ու անպայման մի օր խոսելու է: