Բելառուսի քննչական կոմիտեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր շարժման առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային: Իշխանությունը զավթելու հանրային կոչերի մասին հոդվածով նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում՝ հայտնում է Euronews-ը: Ավելի վաղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հենց այդ նպատակով է ստեղծվել իշխանության փոխանցման Համակարգող խորհուրդը, որի նախագահության կազմում է Կոլեսնիկովան: Լուկաշենկոյի հակառակորդները մերժեցին այս պնդումները՝ վստահեցնելով, որ ձգտում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, և Լուկաշենկոյին երկխոսության հրավիրելու անհաջող փորձեր արվեցին:
Համակարգող խորհրդի ևս երկու անդամի՝ Ռոդնենկովին և Կրավցովին, նրանց իսկ խոսքերով, ստիպել են հեռանալ Բելառուսից: Խորհրդի միակ անդամը, որը հանրապետության տարածքում մնացել է ազատության մեջ, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչն է: