Ադրբեջանը՝ ահաբեկչություն հովանավորող պետություն: Այս փաստի մասին առավել հանգամանալից դեռևս 2017-ին խոսել է բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան: Առնվազն 350 օդանավ զենք Ադրբեջանը Եվրոպայից դիվանագիտական բեռան անվան տակ մատակարարել է ահաբեկիչներին: Հանցավոր խմբավորումների հետ կապի և պետական մակարդակով ահաբեկություն իրականացնելու մասին վերջին ամիսներին խոսում է նաև իսրայելցի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:
Արցախ այցելելու և Ադրբեջանի իշխանությանը քննադատելու համարձակություն ունեցած լրագրողին երկրորդ անգամ փորձել են Բալթյան երկրներում առևանգել և տեղափոխել Բաքու:
«Լոնդոնում, երբ ես արդեն պետք է մեկնեի Լատվիա, ինձ զանգեց BBC-ի լրագրողը և ասաց, որ պետք է շտապ հանդիպել: Մեր հանդիպմանը լրագրողի հետ ևս երկու տղամարդ կար: Նրանք ասացին, որ օպերատիվ տեղեկություն ունեն, որ ցանկալի չէ իմ մեկնելը Լատվիա, քանի որ այնտեղ ինձ համար պատվեր է տվել գեներալ Ալի Նագիևը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Բրիտանական կողմի տվյալներով՝ ինձ Ռիգայում պետք է առևանգեին կամ սպանեին»:
«Լուրեր»-ին ներկայացնելով այս պատմության մանրամասները՝ Ալեքսանդր Լապշինը շեշտեց, որ ադրբեջանական կողմը նախապես դիմել է եվրոպական մի շարք երկրների՝ պահանջելով սահմանային անցակետերում ձերբակալել և արտահանձնել բլոգերին, սակայն ստացել մերժում: Դրանից հետո արդեն պետական մակարդակով որոշվել է ֆիզիկապես ազատվել իրենց համար գլխացավանք դարձած Լապշինից:
«Երբ ես մեկնեցի Ռիգա, բնականաբար, չեղարկվեց իմ մասնակցությունը զբոսաշրջային ֆորումին, բայց այդ մասին հրապարակային հայտարարություն չարվեց: Լատվիայի հատուկ ծառայությունները ուզում էին պարզել, թե ինչ ուժերի հետ է համագործակցում Ադրբեջանը: Դրա համար նրանք ինձ որպես խայծ օգտագործեցին ադրբեջանական կողմի համար: Նրանք ինձ 3 օր պահեցին հսկողության տակ, վերցրին հեռախոսս: Արդյունքում լատվիական կողմը բացահայտել էր, որ ինձ չեզոքացնելու համար Ադրբեջանից 3 մարդ էր ժամանել Ռիգա»:
Հասկանալով, որ պլանավորած գործողությունը ձախողվել է՝ Ադրբեջանի իշխանությունը հետ է կանչում գործակալներին:
Ալեքսանդր Լապշինը, սակայն, վստահ չէ, որ ադրբեջանական վտանգը վերացել է, քանի որ ինքը շարունակում է խոսել Իլհամ Ալիևի և նրա իշխանության մյուս անդամների հանցանքների, մարդու իրավունքների համատարած խախտումների, լրագրողների ու քաղաքական ակտիվիստների առևանգումների, սպանությունների մասին:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան