Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպմանը քննարկման առանցքում եղել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները: Պաշտոնյաները մտահոգություն են հայտնել մի շարք երկրների սադրիչ և ապակայունացնող գործողությունների համար: Թուրքիա անունը չի հնչել, բայց եգիպտական մամուլն ու փորձագիտական դաշտը վստահ են՝ խոսքը հենց Անկարայի քայլերի մասին է: Ահմեդ Աբուլ Ղեյտին և Զոհրաբ Մնացականյանը կարևոր են համարել տարածաշրջանային կայունության պահպանմանն ուղղված միջազգային միասնական քայլերի ուղղությամբ աշխատանքը:
Ռուբեն Կարապետյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական - Այն անվտանգային բոլորս սպառնալիքները, բոլոր ռիսկերը, որոնք առկա են Մերձավոր Արևելքում, շատ ավելի կենսական են դարձնում, հրամայական է դառնում արդեն իսկ նորովի վերաձևակերպել և ազդարարել ՀՀ շահերն այդ կարևորագույն տարածաշրջանում:
Եգիպտոսյան այցի շրջանակում նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ: Որպես գործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցները շեշտել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: Եգիպտոսի նախագահը բարձր է գնահատել տեղի հայկական համայնքի կամրջող դերը երկու երկրների և ժողովուրդների կապերի ամրապնդման գործում: Ալ-Սիսիի հետ հանդիպմանը ևս Հայաստանի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ:
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար - Մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:
Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը հնչել է Եգիպտոսի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Բացելով փակագծերը՝ նախարարն ասել է, որ Հայաստանը տեղեկություններ է ստանում Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների՝ Ադրբեջանում տեղակայելու մասին: Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանն ու Եգիպտոսը համակարծիք են: