Որ սեպտեմբերի 1-ն այս տարի 15-ն է, էական չէ, նույնիսկ զանգի ձայնին էինք կարոտել՝ անկեղծանում են համավարակի պատճառով մարտից դպրոցի դռները փակած ու տուն գնացած ուսուցիչները:
Հասմիկ Օհանյան (Երևանի 51-րդ հիմնական դպրոցի կազմակերպիչ) - Ե՛վ զանգի ձայնը, և՛ երեխաներին, և՛ միմյանց: Ուղղակի երազում էինք այս օրվա մասին:
Պարտադրված երկարատև հանգիստը աշակերտներին էլ է ավելի պարտաճանաչ դարձրել:
Այս ուսումնական տարվա մեկնարկը նման չէ ոչ մի տարվա: Ծնողը երեխային դպրոց է ճանապարհում դարպասի այն կողմից: Մուտքը դպրոց՝ երկու դարպասից, որպեսզի կուտակումներ չլինեին: Դիմակ, ալկոգել, ջերմաչափում, հերթ... դպրոց մտնելը մի ամբողջ արարողակարգ է, որի մասին ուսուցիչները նախապես ԶՈՒՄ հարթակում հրավիրված ժողովի ժամանակ տեղեկացրել էին ծնողներին և աշակերտներին: Շփոթվել չկա, այլապես նախապես գծված-ծրագրված ամբողջ համակարգը կխախտվեր:
Լուսինե Ղասաբօղլյան (Երևանի 51-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Հստակ գրաֆիկ է կազմված, թե յուրաքանչյուր դասարան որ րոպեին պետք է մտնի և երբ դուրս գա, ամեն օր էդպես է լինելու, յուրաքանչյուր դասարան գալու է իր հատկացված հատվածում կանգնելու է՝ ապահովելով սոցիալական հեռավորությունը:
Դասերի ավարտին էլ դասարանները՝ ամեն մեկը 2 րոպե ընդմիջումով, հստակ ժամ ունեն, թե երբ պետք է դուրս գան: «Անկախ այս բոլոր արարողակարգերից ու կրկնակի պատասխանատվությունից, այսօր շատ լավ օր է»,- ասում են ուսուցիչները: Այս օրվան այնքան երկար էին սպասել: Հնարավոր ամեն ինչ կանեն, միայն թե դպրոցի դռները նորից չփակվեն:
Անյա Սահակյան (Երևանի 51-րդ հիմնական դպրոցի փոխտնօրեն) - Կարծես ծերանում էինք տանը, երեխաների հետ մանկացանք: Չնայած դիմակով ենք, մի փոքր դժվար է, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը պարտադրում է, բայց շատ ուրախ ենք, ուսումնական պրոցեսը խիստ անհրաժեշտ է:
Նույնքան բարձր չէր աշակերտների տրամադրությունը: Քանի ամիս է՝ ընկերներին չեն տեսել, հիմա էլ ստիպված են շարունակել կարոտել մի մասին: Դասարանները բաժանվել են երկու խմբի, մի օր մի խումբը կհաճախի դպրոց, հաջորդ օրը՝ մյուսը: Ընկություն անելու հին ձևերին էլ ժամանակավորապես ստիպված են հրաժեշտ տալ, արգելվում է միմյանց գրիչ կամ գրենական այլ պիտույքներ փոխանցելը:
Դասարանից դուրս գալ կարելի է միայն հատուկ կարիքների դեպքում: Խաբել, դուրս սողոսկել, դասարանից դուրս ընկերների հետ զրուցել չի հաջողվելու: Բոլոր հարկերում հերթապահները վերահսկում են իրավիճակը, նույնիսկ այն, որ պետքարաններում կուտակումներ չլինեն:
Շաքե Գևորգյան (Երևանի 51-րդ հիմնական դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ) - Մեր թիմը շատ կազմակերպված է և այս ամենին լուրջ է մոտենում: Թիմային աշխատանքի արդյունքը ակներև կլինի:
Դպրոցներում շատ բան առաջվանը չէ: Կարմիր խաչերն էլ հուշում են. այստեղ նստելն արգելվում է: Ամեն նստարանին՝ մեկ աշակերտ: Միայն մի բան է ուրախացրել որոշ չարաճճիների. դեռ երկար ժամանակ չի հնչի «արի գրատախտակի մոտ» արտահայտությունը, բայց... պարզվեց, դա չի ազատի դաս պատասխանելու պարտավորությունից: Ուսուցչի հարցերին աշակերտները տեղից կպատասխանեն: