Առևտրականները բողոքում են մաքսատուրքերի փոփոխություններից, որոնք ուժի մեջ են սեպտեմբերի 1-ից: Նրանք այսօր հավաքվել էին Կառավարության, ապա՝ ՊԵԿ շենքի մոտ: Ներկրողների խոսքով՝ հագուստն այսուհետ մաքսազերծելու են ոչ թե քաշով, այլ՝ հատով:
«Լուրեր»-ի հետ զրույցում անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգյանն ասաց, որ առևտրականները գնացել են բեռը ստանալու և անակնկալի եկել: «Այսօր այս հավաքակետ բեռները տեղափոխող ժողովուրդը՝ մանր, միջին բիզնեսով զբաղվողը, աշխատում է միջին խավի համար, որ հասանելի լինի, և ցածր գներով վաճառում ենք մեր ընտանիքներին պահելու համար: Բոլորիս համար հանելուկ եղավ՝ ինչու այսպես եղավ»,- ասաց Գևորգյանը:
Անհատ ձեռնարկատերերից մեկն էլ պնդեց, որ շուրջ 6 անգամ մաքսատուրքը թանկացել է:
«Առաջ մինչև 300 կգ բեռը կարող էիր բրոքերի ծառայությամբ անել, այսինքն՝ փոքր ներկրողը կարող էր բերել, գնալ մաքսատուն հանգիստ: Իսկ հիմա մոտ 6 ամգամ թանկանում է: Կիլոգրամով էին հավաքական բեռերը մաքսազերծվում, հիմա փոխել են հատիկով: Այսինքն՝ ամեն ապրանք իր տեսակից, նյութից, չափսից, տարիքային և սեռից տարբեր ձևերով է»,- ասաց անհատ ձեռնարկատերը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Արարատյան մաքսատան աշխատակիցները սպասում են ցուցարարներին և պատրաստ են պատասխանել նրանց հարցերին:
Ավելի ուշ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները սկզբում համաձայնվել, ապա հրաժարվել են մաքսատան պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպումից:
«ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։