Հանրային հեռուստաընկերության համաֆինանսավորմամբ Տավուշում վերսկսվել են «Զուլալի» ֆիլմի նկարահանումները

Երբ նկարահանման հրապարակը նաև դրախտ է, հայրենիք, ծննդավայր... 

Հերմինե Ստեփանյան («Զուլալի» ֆիլմի գլխավոր դերակատար) - Մի՞թե դրախտ չէ, երբ քայլում ես, և էսպես ցանկացած ծառից կարող ես ձեռքդ պարզել և միրգ վերցնել, երբ ցանկացած տուն պատրաստ է քեզ սուրճ հյուրասիրել:

Տավուշի Նավուր գյուղում սեպտեմբերի 1-ից կրկին ստեղծագործական աշխույժ եռուզեռ է: Հանրային հեռուստաընկերության համարտադրությամբ վերսկսվել են «Զուլալի» ֆիլմի նկարահանումները:
 
Հերմինե Ստեփանյան
- Երեկ գյուղից թարմ, տաք հաց էին թխել, բերել մեզ համար, թարմ անարատ պանիր էին բերել, և մեր ստեղծագործական բուռն կյանքը նաև համեմվում է տեղացիների պատմություններով, խոհանոցով:
 
Անկախ գործունեությունից, ֆիլմի մասնակից են դառնում գյուղի թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Տեղացիները՝ ֆիլմի, ֆիլմի նկարահանումներն էլ՝ տավուշցիների վրա են թողնում իրենց ազդեցությունը: Տավուշում կյանքն աշխուժանում է: Ստեղծագործական խումբը կինոարտադրությունից բացի նաև սրա մասին էր երազում:

Հերմինե Ստեփանյան - Նման իրադարձությունները կարող են զարգացնել մեր փոքրիկ Հայաստանը, և ես վստահ եմ, որ նկարահանումից հետո փոքրիկ Նավուրը շնորհիվ «Զուլալիի» տան և այս ֆիլմի պիտի շատ մեծ հետաքրքրություն առաջացնի բոլորի մոտ:
 
Ծնունդով ու արմատներով տավուշցի Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա նկարահանվող «Զուլալի» ֆիլմի թե՛ դերասանական կազմի, թե՛ նկարահանող խմբի մեծ մասը տավուշցիներ են: Ռեժիսոր Հայկ Օրդյանը կարծում է, որ այսպիսով գյուղական պարզ ու միաժամանակ համամարդկային պատմությունն ավելի պատկերավոր ու հատուկ ջերմությամբ կփոխանցվի էկրանին:
 
Հերմինե Ստեփանյան - Շատ հատկանշական է, որ նկարահանման հրապարակում հաճախ տավուշցիներս խոսում ենք բարբառով, թիմի մյուս անդամներին սովորեցնում ենք տավուշյան բարբառը... և շատ հաճելի է, հատկապես ես և Հայկը Օրդյանը, անդադար իրար հետ խոսում ենք Տավուշի բարբառով: 

Հանրային հեռուստաընկերության դերը մեծ եղավ, որ համավարակի ստեղծած դժվարությունների պատճառով դադարեցված «Զուլալիի» նկարահանումները նորից մեկնարկեին:

Ֆիլմը կստեղծվի, լուրը երկար սպասված էր ստեղծագործական խմբի, Նարինե Աբգարյանի ընթերցողների, նույնիսկ տեսախցիկների համար, որ կարոտել էին կյանքից գիրք, ապա գրքից այս փոքրիկ գյուղ հասած կերպարներին: Ստեղծագործական թիմն ուրախությամբ ու արդեն նոր եռանդով փաստում է. Հայաստանում հեռուստատեսությունն ու կինոն վերջապես սկսեցին ընկերություն անել:
 
Հայկ Օրդյան («Զուլալի» ֆիլմի ռեժիսոր) - Շատ երկար պրոցես էր «Զուլալիի» նկարահանումները. մի քանի անգամ դադարեցրեցինք, երկար ժամանակ չէինք կարողանում գտնել համաֆինանսավորող, որը դադարել էր համավարակի պատճառով ֆինանսավորել:

Հիմնական համաֆինանսավորողը, բացի Կինոկենտրոնից, նաև Հանրային ՀԸ-ն է, և մենք արդեն կարող ենք ասել, որ ունենք աջակիցներ՝ «Դարը» հիմնադրամն է, «Անևվա փրոդաքշընն» է, Տավուշի մարզպետարանը և այլն, և ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստեղծեցին պայմաններ, որն այսօր տեսնում ենք նկարահանման հրապարակում:
 
Ֆիլմի ռեժիսորը հույս ունի, որ «Զուլալին» կդառնա մեկնարկը Տավուշում կինոարտադրության զարգացման համար, հատկապես որ նկարահանումների ժամանակ արդեն բացահայտվել են փոքրիկ տաղանդներ:

Մինչ ֆիլմը մեծ էկրան բարձրանալու ճանապարհն է անցնում, արդեն նշմարվում են Տավուշում նույնիսկ կինոդպրոց հիմնելու ծրագրեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում