Առավոտյան Ալավերդիի բնակիչները կրկին փակեցին Մ6 մայրուղին՝ բողոքելով ճանապարհից իրենց տուն մտնող փոշուց: Երկուսուկես տարի առաջ սկված Թումանյան-Ախթալա՝ Ալավերդիով անցնող հատվածի շինարարությունը տարբեր պատճառներով ձգձգվում է: Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է, երբ նկատել են, որ շինարարությունը գրեթե դադարեցված է:
Հովհաննես Քոչինյան, 1990-1995թթ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր - Անհասկանալի պատճառով շինարարները, որ աշխատում էին, թողել հեռացել են: Ժողովրդի պահանջն այն է, որ աշխատանքներն այս օրերին վերսկսվեն: Ասֆալտապատման աշխատանքները չկատարել, նշանակում է` փոշոտվածության բարձր մակարդակ: Փոշու և էկոլոգիայի պատճառով գործարանը փակվել է, բայց սա ավելի մեծ վնաս է տալիս, քան գործարանը:
Ճանապարհ փակելը վրդովեցրել է մայրուղով երթևեկողներին, շատերն ասում են՝ անհետաձգելի գործով են դուրս եկել տնից Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցած ճանապարհաշինության պատասխանատուն պնդեց՝ մեխանիզմների և մեքենաների բացակայությունը որևէ ազդեցություն չի թողել շինաշխատանքի վրա:
Հովհաննես Խոջոյան, շինարարական կազմակերպության ներկայացուցիչ - Խնդիրներ չկան, որի պատճառով չենք կարող չաշխատել, եթե այդ տեխնիկան էստեղ էլ լիներ չէր կարա աշխատաեր: Գիշերը տեխնիկա ենք ստացել, հիմա էլ փոսային աշխատանքերն են կատարվում և մինչև սեպտեմբերի 15-ը պատրաստվում ենք ասֆալտի աշխատանքներ անել:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի տեղակալը հորդորեց խնդիրը լուծել բանակցություններով և անհարմարություններ չստեղծել մայրուղով երթեկողների համար: Ալավերդցիները պահանջեցին ևս մեկ անգամ հավաստիացնել, որ հարցը կլուծվի խոստացած ժամեկտում: Շինարարության պատասխանատուն հեռախոսով բանակցում է ղեկավարների հետ: Ալավերդու քաղաքապետն ասում է՝ հրատապ լուծումներ են տվել այն խնդիրներին, որոնց վերաբերյալ շինարարը դիմել է համայնքապետարան:
Սասուն Խեչումյան, Ալավերդու քաղաքապետ - Եթե հիշում եք, նախարարը և մարզպետը եկան շինարարության պատասխանատուների հետ և ասացին, որ մինչև սեպտեմբերի 15-20-ը գոնե առաջին շերտի ասֆալտը կստանանք:
Բանակցություններ շնորհիվ ճանապարհը բացվեց: Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը փոխանցել է՝ խոստացված ժամկետն անփոփոխ է: Պաշտոնյաների խոստումն է՝ մինչև սեպտեմբերի 15-ն սկսել Ալավերդու Էնգելս թաղամասով անցնող 3 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը, սակայն դեռևս փոշոտ ու չնորագված կմնան քաղաքի այլ հատվածներ տանող և հատկապես մայրուղու Ալավերդի-Քարկոփ հատվածը: