Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է, գրանցվում են նոր բախումներ, վերջին սրացման ժամանակ էլ երկու կողմից զոհեր եղան: Տպավորություն է, որ ոչինչ չի փոխվել. բրիտանական BBC-ի HardTalk-ի հաղորդավարը հետաքրքրվել է Հայաստանի վարչապետից:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ Հայաստանը չի կարող միակողմանի խաղաղության հասնել. դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը նույնպես նման ցանկություն հայտնի:
«Հայաստանի վարչապետ դառնալով՝ ես խաղաղության նոր բանաձև եմ առաջարկել: Այն նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, թե Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար, բայց, դժբախտաբար, Ադրբեջանի նախագահը չի արձագանքել իմ առաջարկին»,- ասել է վարչապետը:
Հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության հեղինակը Բաքուն էր: Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ դա պատահականություն չէր, բացատրում է՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում միշտ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է միայն ռազմական ճանապարհով:
Բրիտանացի հաղորդավար Սթիվեն Սակուրը փորձում է հակադարձել՝ նշելով, թե վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը հրահրեց Ադրբեջանին:
«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայերով, իսկ 1991 թվականին հայ բնակչությունը տարածաշրջանում կազմում էր 80 տոկոս: Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում էր այն մաքրել հայերից, և հակամարտությունը սկսվեց հենց այդ պահից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
BBC-ի հաղորդավարը նաև հիշել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի կառուցման մասին, որը Բաքվում շատ ցավոտ ընդունեցին: Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն է կառուցում ճանապարհը, և դա անում է իր բնակչության շահերից ելնելով:
«Եվ դա բնական է, քանի որ մարդիկ ապրում են և տեղաշարժի կարիք ունեն: Իսկ Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը: Մենք Ադրբեջանից սպասում ենք Ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկացած, միայն ոչ ռազմական լուծում, բայց ոչինչ չենք ստանում»,- հավելել է վարչապետը: