ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն 787,600 ՀՀ դրամ: Նախարարությունը հանրային հաշվետվություն է ներկայացրել:
Անշարժ գույքի մասով.
Oպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին ազատվել են Տիգրան ՄԵծի 4 և Մազմանյան 3 հասցեներով տարածքները ընդ որում՝ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի ազատման արդյունքում տնտեսվելու է 2019 թ. պետ բյուջեով նախատեսվելիք մոտ 103,600,000 ՀՀ դրամ վարձակալության վճարը և 15,600,000 ՀՀ դրամ՝ Ոստիկանության կողմից շենքի պահպանության ծառայության վճարը:
Ավտոմեքենաների կրճատման մասով.
2018 թ. նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 ավտոմեքենայից 6-ը կրճատվել են՝ 3-ը օտարվել են, իսկ մյուս 3-ը, ՀՀ կառավարության 20.12.2018 թ. N 1507-Ա որոշման համաձայն, հատկացվել են ՀՀ Սահմանադրական դատարանին:
ՀՀ ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ պետական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո հիմնարկի 3 ավտոմեքենաները փոխանցվել են Նախարարությանը (Նախարարության ավտոմեքենաների քանակը դարձել է 14):
Վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի հանձնարարականի կատարման նպատակով Ֆինանսների նախարարության 14 ավտոմեքենայից 10-ի օտարման նպատակով պետական գույքի կառավարման կոմիտե էին ներկայացվել համապատասխան տվյալներ: Այս 10 ավտոմեքենայից 7-ը, ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 893-Ա որոշման համաձայն, հետ են վերցվել և ամրացվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Օտարման ներկայացված մյուս 3 ավտոմեքենան ի պահ են հանձնվել պետական գույքի կառավարման կոմիտեին:
Ներկայումս շահագործվում է 4 ավտոմեքենա, որոնցից 1-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի ծառայողական կարիքների համար, իսկ 3-ը՝ որպես հերթապահ ավտոմեքենա:
Փաստացի, 2018-2019 թթ․ ավտոմեքենաների թիվը կրճատվել է 13-ով, արդյունքում առաջացել է դրանց տարեկան պահպանման ծախսերի տնտեսում 15,600,000 ՀՀ դրամի չափով։