ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։
Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցելու կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։
Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ․ Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։
Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։