Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կարող է արագ համաձայնության գալ Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ՝ գրում է Интерфакс գործակալությունը:
«Մեր հաղթանակի դեպքում, Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ գործարքները շատ արագ կկնքենք»,-հայտնել է Սպիտակ տան ղեկավարը:
Դոնալդ Թրամփի հավաստմամբ, եթե ինքը 2016-ին ԱՄՆ նախագահ չընտրվեր, ապա Միացյալ Նահանգները «հավանաբար արդեն պատերազմում էր Հյուսիսային Կորեայի հետ», սակայն դա տեղի չի ունեցել, որովհետև ինքը կարողացել է «կարգավորել հարաբերությունները» Հյուսիսային Կորեայի հետ:
Թրամփի խոսքով, Թեհրանը խիստ շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հարցում, սակայն սպասում է Միացյալ Նահանգների ընտրություններին՝ ենթադրելով, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հետ գործարքն ավելի հեշտ կկնքեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները նախանշված են 2020-ի նոյեմբերի 3-ին: