Սևանա լճի հարավ-արևելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրսբերումն առափնյա ջրածածկ գոտիներից Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։
Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական և օրգանական ծագման թափոնների տեսակարար կշռի անթույլատրելի չափերի հասնող պարունակությունը ջրերում, ինչը հետևանքն է նաև հարակից մի շարք բնակավայրերի և առափնյա հանգստի գոտիների կոյուղու անարգել նեթափանցման լճի ավազան։
Բոլոր այս խնդիրները ենթակա են մանրամասն գույքագրման, ուսումնասիրության եւ վերլուծության, որպեսզի խելամիտ եւ իրատեսական լուծումներ առաջադրվեն ողջամիտ ժամանակային կտրվածքով։
Այս փուլում խնդիր ունենք՝ հետևողականորեն հասնել Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը»,- գրել է նախարարը։