Սիրադեղձի այգի Արցախում միայն սիրիահայ Ասմարյան եղբայրներն ունեն: Իրենց հետ հազարավոր տնկիներ բերելով՝ 2011-ին ընտանիքով հաստատվել են Արցախում: Դեղձի երկու սորտի հիբրիդն Ասմարյաններն անվանել են սիրադեղձ:
Հովիկ Ասմարյան (սիրիահայ) - Քանի որ այս սորտը չկար, նոր էր, մտածեցինք՝ ինչպես կարող ենք Սիրիայի անունը դնել: Ստացվեց թե՛ Սիրիա, թե՛ սիրո, այսինքն՝ Սիրիայից սիրով եկած միրգ: Հաճելի թվաց մեզ, այդ անունը դրեցինք, և արդեն սիրադեղձը շուկայում ճանաչված է:
Ստեփանակերտի շուկա Հովիկն օրական մատակարարում է մոտ 300 կիլոգրամ սիրադեղձ: Նախորդ տարվա կարկտից հետո սա վատ արդյունք չէ, ասում է սիրիահայ այգեգործը: Բերքահավաքի շրջանում օգնում են մտերիմները: Տարվա նորությունը փաթեթավորումն է:
Ասմարյան ընտանիքն արցախցիներին նաև սիրիական խոհանոց է առաջարկում: Տան մի մասը ձևափոխելով՝ Ստեփանակերտի հնաոճ փողոցում ճաշարան են բացել: Կինն ու երեխաները հիմնականում այս գործով են զբաղվում:
Սիրիահայերն ասում են՝ արցախցիները նորությունների հարցում թերահավատ են: Ստեփանակերտի իրենց տնամերձում մշակում են կիվի ու պիստակենի, որ հետո տնկիները տեղափոխեն Բերքաձոր: Ի դեպ, այգում Արցախի կլիմային արդեն հարմարվել են ձիթենին, թեյի սորտերն ու ընկուզենիները:
Սիրիահայ Հովիկ Ասմարյանն արդեն արմատներ է ձգում Արցախի հողում: Վստահ է՝ սա իրենց վերջին կանգառն է: