«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զինված հարձակում է գործել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գտնվող կալանավայրի վրա՝ գրում է Al Jazeera-ն:
Ժամեր տևած փոխհրաձգության հետևանքով մահացել է մոտ 40 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Զոհերից 10-ն իսլամիստներ են: Մահացածների թվում կան բանտարկյալներ, քաղաքացիներ ու երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Ծայրահեղականները փորձել են ազատել ճաղերի հետևում հայտնված իրենց համակիրներին:
Մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենան պայթեցրել է կալանավայրի մուտքի մոտ, այնուհետև իսլամիստները ներխուժել են կառույց: Սակայն Աֆղանստանի անվտանգության ուժերը կարողացել են վերահսկել իրավիճակն ու հետ բերել փախուստի դիմած որոշ կալանավորների: