Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին:
Նա նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեքստում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը, որը, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները:
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի: