Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան չի բխում Ադրբեջանի շահերից. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:
«Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին չունի ոչ մի ռազմական ծրագիր կամ նպատակ: Ապառազմականացման նպատակներից ելնելով, Հայաստանի հետ սահմանի այդ հատվածի պաշտպանությունը դրված է Ադրբեջանի սահմանապահ ուժերի վրա: Հայ-ադրբեջանական պետական սահմանի էսկալացիան չի բխում Ադրբեջանի շահերից»,-հայտարարել է Հաջիևը:
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի խնդիրը եղել է «պետական սահմանի պաշտպանությունն ու խաղաղ բնակչության անվտանգությունը»:
Հաջիևի խոսքով, հայ-ադրբեջանական պետական սահմանի ներկա լարվածությունն անհրաժեշտ է դիտարկել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում:
Հիքմեթ Հաջիևը հավաստիացնում է, որ Ադրբեջանը նվիրված է մնում հակամարտության քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը, սակայն բանակցություններ հանուն բանակցությունների անընդունելի է համարում: