Ձեռքսեղմումների փոխարեն հեռավար գրկախառնություն և հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի հեռավար ստորագրում: Միջոցառման ձևաչափն աննախադեպ է, հայ-ամերիկյան բարեկամությունը՝ երկարամյա: Ամերիկյան կողմից ստորագրողը Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն է, հանձնախմբի մյուս անդամները՝ համանախագահ Ջեքի Սփիրն ու փոխնախագահ Ադամ Շիֆն արդեն ստորագրել էին: Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց Հայ-ամերիկյան խորհրդարանական բերակամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ֆրենք Փալոն, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ - Սա իրականում ՀՀ և ԱՄՆ ոչ միայն խորհրդարանական բարեկամության խմբերի, այլև մեր օրենսդիր մարմինների, մեր երկրների միջև ավելի ընդլայնված հարաբերությունների սկիզբն է։ Շատ ընդհանրություններ ունենք, որոնց զգալի մասը հրապարակ եկավ թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում. օրինակ` ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը։
Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն դոլարի, ինչը 40 տոկոսով ավելի է նախահեղափոխական շրջանից: Հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խումբը մտադիր է ստեղծել խորհրդատվական հանձնաժողով Կոնգրեսի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան - Խորացնում ենք մեր 28-ամյա գործունեությունը, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլարի աջակցություն, որ բարելավվի հայ ժողովրդի կյանքը: Դրանով նպաստում ենք ժողովրդավարական, տնտեսական, սոցիալական կառավարման նրանց ջանքերին: Խորհրդարանական գործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդին և 2018-ի գարնանը նրանց ձեռնարկած բարեփոխումներին:
Վարուժան Ներսեսյան, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան - Միացյալ Նահանգները Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մեծ աջակիցն է եղել։ Ուրախ ենք, որ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև ռազմավարական երկխոսության հաստատմանը զուգահեռ նոր մակարդակի ենք բարձրացնում:
Փաստաթղթում նշված է. կողմերը գիտակցում են, որ օրենսդիր մարմինների միջև գործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Երկու կողմերի երկարամյա ջանքների արդյունքն է, որ փաստաթղթավորում ենք: Երկուսն էլ 3-ական կուսակցություն ունեն, հետևաբար, կա երկկողմանի քաղաքական կամք:
Բարեկամությունը հատկապես երևաց Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի օրերին: ԱՄՆ Կոնգրեսը վերջերս հաստատեց նաև Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիրը:
Վահե Էնֆիաջյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ - Անշուշտ, ակնհայտ է, վերջին տարիների գործունեությունը: Բարեկամական խմբում այս գործընթացի հետ կապված բացարձակ ներդաշնակություն և գործունեությունն ընդլայնելու մեծ ցանկություն կա:
Բարեկամության խմբի օրակարգում նաև հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցն է:
Ֆրենք Փալոն, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ - Մենք նաև ձգտում ենք առևտի ծավալի, տնտեսական և անվտանգային գործառույթների ավելացման։ Իհարկե, մեր ուշադրության առանցքում քովիդն է, և Միացյալ Նահանգներն օժանդակում է Հայաստանին այս ճգնաժամում, բայց ուզում եմ նաև հատկապես ընդգծել, որ խիստ դեմ ենք Ադրբեջանի ագրեսիային, որն այս օրերին տեղի է ունենում Հայաստանի սահմանների մոտ։
Ցանկանում ենք Արցախյան հարցի խաղաղ կարգավորում, որի հետևանքով Արցախը կմնա հայկական` հասնելով միջազգային ճանաչման, խոսքն ամփոփում է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոնը: