ՌՌոզա Խաչատրյան

Խնդիրը ձևաչափը չէ, այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է երկրների քաղաքական կամքը. Ուորլիք

Խնդիրը ձևաչափը չէ, այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է երկրների քաղաքական կամքը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցերին, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված լարվածությանը և մարտական գործողություններին:

Դեսպանը նշել է, որ բոլորն անհանգստացած են խնդրով, և ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում՝ հատկապես հարաբերական հանգստի շատ երկար ժամանակահատվածից հետո:

«Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկու երկրների սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում այդ գոտիով, այլ ընդգրկում են երկու երկրների մյուս մասերը ևս: Դա շատ անհանգստացնող է»,- նշել է Ուորլիքը՝ հավելելով, որ միշտ դժվար է իմանալ, թե ինչու են այսպիսի զարգացումներ տեղի ունենում և հատկապես, թե ինչու է դա հենց այդ վայրում տեղի ունենում:

Ըստ նախկին համանախագահի՝ Հայաստանում և Ադրբեջանում կա մեծ հիասթափություն: Հատկապես Ադրբեջանում այն ավելի ցայտուն է, քանի որ նրանք որոշակի հույսեր, նույնիսկ՝ լավատեսություն ունեին Հայաստանում իշխանափոխության հետ կապված: Ըստ Ուորլիքի՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև նոր բանակցությունների մեկնարկից էլ երկու տարի է անցել, բայց արդյունքում պարզ է դառնում, որ խաղաղ բանակցությունները ոչինչ չեն տալիս:

«Ես կարծում եմ, որ երկու երկրների այդ հիասթափությունը մեծացնում է զինված հակամարտության հնարավորություննները: Նախկինում շատ ենք ականատես եղել հակամարտության գոտում նման միջադեպերի: Բայց մենք գիտակցում ենք, որ զինված ուժերը տեղակայված են նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով, և այսօր բախումներն այնտեղ են՝ շատ խոցելի տարածքում, որտեղ առկա են կարևոր ենթակառուցվածքներ, և դա անհանգստացնող է: Զինված բախումները կյանքի կորուստների հետ մեկտեղ լուրջ խնդիրներ կստեղծեն կողմերի համար ենթակառուցվածքների առումով»,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահը:

Ուորլիքն ասել է, որ անհրաժեշտ է բանակցային գործընթաց, որտեղ բոլորը կճանաչեն խաղաղության արժեքի կարևորությունը՝ շարունակական հակամարտության փոխարեն:

Մինսկի խմբի աշխատանքի և ձևաչափի վերաբերյալ հնչող քննադատություններին անդրադառնալիս դեսպանը նշել է, որ դրանք միշտ են եղել, բայց, իր կարծիքով՝ Մինսկի խմբի երկրները պետք է շարունակեն ակտիվ և ներգրավված  լինել խնդրում, իսկ համանախագահները պետք է առաջատարի դերում լինեն:

«Խնդիրը ձևաչափը չէ, մենք գիտենք, որ այն կարող ենք փոխել, կարող ենք ներգրավել նոր բանակցողների, խնդիրն այն է, որ այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների և ժողովուրդների քաղաքական կամքը: Մինչ այժմ մենք դա չենք տեսնում: Ինձ անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն երկու երկրներում էլ տրամադրություններն ավելի կոշտ են դառնում:

Նկատում եմ տրամադրություն, որ խնդրի միակ լուծումը ռազմական ճանապարհով  և պատերազմով է: Դա շատ ցավալի է, քանի որ դա միակ միջոցը չէ, որով հնարավոր է լուծել խնդիրը: Առկա է դիրքորոշման կոշտացում: Երբ ես համանախագահ էի, մենք դեռ խոսում էինք Մադրիդյան սկզբունքների և այն սկզբունքների մասին, որոնք ապագա կարգավորման հիմքում պետք է լինեին»,-նշել է Ուորլիքը:

Ըստ Մինսկի խմբի նախկին համանախագահի՝ սրացումը հակամարտության գոտուց դուրս շատ վտանգավոր է, և երկու երկրներն էլ կարող են շատ բարձր գին վճարել դրա համար:

«Երբ ես դեռ համանախագահ էի, մենք բանակցում էինք երկու երկրների նախագահների հետ, որոնք, ըստ էության, ձգտում էին հասնել կարգավորման: Մենք աշխատում էինք այդ ուղղությամբ և տեսնում, որ կար հասարակական աջակցություն կարգավորում գտնելու հարցում, և ես դա ասում եմ, առանց հստակեցնելու, թե ինչ կարգավորում պետք է լիներ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

Էլմար Մամեդյարովին արտգործնախարարի պաշտոնից հեռացնելու առնչությամբ Ուորլիքը նշել է, որ նոր նախարարների ներգրավումը կամ ցանկացած փոփոխություն ավելի է դժվարացնում գործընթացը, քանի որ նրանք ողջ գործընթացի մանրամասներին չեն տիրապետում, ներսից ծանոթ չեն դրանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում