ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է մեղմացնել ավելի վաղ ընդունած որոշումը, ըստ որի՝ օտարերկրյա ուսանողները պետք է լքեն երկիրը, եթե աշնանը համալսարանական դասընթացներն անցնեն առցանց ռեժիմի: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Աղբյուրների համաձայն՝ համալսարանական կառույցներն ու միջազգային ուսանողները խստորեն քննադատել էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության նման արգելքը: Համալսարանների մեծ մասը մտադիր է մոտ ապագայում էլ COVID-19 համաճարակի պատճառով պահպանել առկա ուսուցման սահմանափակումները:
ԱՄՆ-ի վարչակազմի կարգադրությունը դատարանում վիճարկել էին Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Ավելի վաղ նման պահանջ էր ներկայացրել ԱՄՆ 18 նահանգ: