«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան»՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի քննարկման առանցքային հարցը Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության փաստաթուղթն էր: Իր ուղերձում կառավարության ղեկավարն անդրադարձել է ազգային նպատակներին, արժեքներին: Նշմարել համակեցության համահայկական կանոնները՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը: Վարչապետն ընդգծել է 7 նպատակ, որ այժմ դրված է Հայաստանի ժողովրդի և կառավարության առջև:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:
- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:
- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:
- Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման»,- ասել է վարչապետը:
Ազգային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է պահպանել ազգային արժեքները: Դրանց թվում Փաշինյանն առանձնացրել է Հայոց պետականությունն ու Հայաստանի քաղաքացիությունը: Ժողովրդի պատմությունը, համահայկական ներուժը, սփյուռքը, Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը: Պահպանելով այս ամենը` անհրաժեշտ է սահմանել համակեցության կանոններ՝ բացառելով բռնությունը:
«Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով»:
Ժողովրդի ազատ կամարտահայտումը իշխանություն ձևավորելու միակ աղբյուրն է: Եվ այդ կամքի աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն, հայտարարել է վարչապետը: Ներազգային հարաբերությունների առանցքում՝ իրավունքի և օրենքի գերակայությունն է: Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, իսկ Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը Փաշինյանը ընդգծել է որպես բարձրագույն արժեք: Հենց այդ կոնտեքստում էլ դիտարկվում է Ղարաբաղյան հակամարտության վերջնական հանգուցալուծումը:
«Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»:
Փաշինյանի խոսքով՝ հայոց պետականության գոյությունը հաճախ պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական հանգամանքներով: Այժմ մեծագույն խնդիրն է՝ ժողովրդի և պետության ճակատագիրը դուրս բերել այս ցիկլից: Այդ ապագան պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա, նշել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է՝ անվտանգության ռազմավարությունը հնարավոր կլինի կյանքի կոչել միայն համատեղ ջանքի և կամքի շնորհիվ: