Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել Թուրքիայի տարբեր նահանգներում։ Այս անգամ պրոֆեսորը ժխտողական հերթական կոնֆերանսը կազմակերպել էր Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում, հայտնում է infoteka 24-ը։
Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս մեկում էլ Սերթչելիքը հայերին մեղադրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու համար, ինչը նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։
Թուրքիայի նախագահի խորհրդականի ժխտողական թեզերը լսելու և, ամենայն հավանականությամբ, դրանց հետագա տարածման համար կոնֆերանսին մասնակցել են Յահշիհանի գավառապետը, քաղաքապետը, շրջանի ոստիկանապետը, «Ազգային շարժում» կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը:
Էրդողանի գլխավոր խորհրդականը, որը նաև նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է, 2020-ին արդեն մի քանի անգամ Թուրքիայի տարբեր նահանգներում կազմակերպել է նմանատիպ կոնֆերանսներ կամ դասախոսություններ: