«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակում, իհարկե, չի մոռացել նաև Հայաստանը:
Հայրապետյանն ընդգծել է, որ գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ անարյուն հեռանալ իշխանությունից՝ ժողովրդի ճնշման ներքո:
«17 տարի իշխանությունը հորից ժառանգած բռնապետ Ալիևը «վախկոտ» է համարում այն քաղաքական գործչին, ով չհանդգնեց երրորդ անգամ ղեկավարել երկիրը և հեռացավ խաղաղ, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: Փաստացի, նավթային բռնապետի համար ժողովրդի կամքը հաշվի առնելը, ժողովրդի ճնշումներին ենթարկվելը և իշխանությունը ժողովրդին թողնելը «վախկոտություն» են: Հետևաբար, ալիևյան «քաջության» դրսևորումը իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը, որի տապալմանն ուղղված ամենաչնչին փորձերն անգամ խեղդվում են արյան և բռնաճնշումների մեջ: Նա իր ժողովրդին կոչ է անում երբեք իրեն չզրկել իշխանությունից և «վախկոտ» չդարձնել:
Անդրադառնալով վերջին 2 տարիներին Հայաստանում ստեղծված իրականությանը՝ Ալիևը իրավական գործընթացները կրկին ներկայացնում է «քաոսի» տեսքով՝ քաջ գիտակցելով, որ եթե Ադրբեջանում մի օր հաղթի ժողովրդավարությունը, և ձևավորվի լեգիտիմ կառավարություն, ապա առաջին հերթին հենց Ալիևն ու իր ամբողջ դինաստիան կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ իրենց թալանած գումարները կվերադարձվեն ժողովրդին: Ահա այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը: Իսկ ժողովրդի կամքի ուժը թող ոչ ոք չթերագնահատի:
Ամփոփելով նշեմ, որ Ալիևը պետք է հասկանա մեկընդմիշտ՝ ներքաղաքական հարցերում մեր դիրքորոշումների բոլոր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում մենք միասնական ենք, մեր ազատ ապրելու իրավունքն անբեկանելի է, իսկ մեզ բնաջնջելու ադրբեջանական «երազանքը»՝ անիրականանալի»,- ասված է Հայրապետյանի գրառման մեջ: