«Տարիներ շարունակ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի մասին մոնիթորինգ անելով, տեղեկատվություն հավաքելով ու ապատեղեկատվություն տարածելով: Եթե, օրինակ՝ ապրիլյան դեպքերի ժամանակ կեղծ օգտատերեր էին վարձում, հիմա փորձում են կոտրել հայկական օգտատերերի էջերն ու իրենց անունից են տեղեկատվությունը տարածում»: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ շարունակում են բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումները, և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից տեղեկություններ կորզել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ:
Անդրադառնալով այս խնդրին՝ տեղեկատվության անվտանգության մասնագետն ընդգծեց, որ կեղծ օգտատերերը փորձում են հարաբերություններ ձևավորել ու տարբեր հնարքներով մարդկանց հետ շփման մեջ մտնել:
«Հիմնականում, եթե տեսնում են, որ զինվորական նկարներ ունի, ծառայած է, փորձում են մտերմանալ, գրում են՝ իբր իրենք էլ են նույն տեղում ծառայել և այդ ընթացքում փորձում են տեղեկատվություն կորզել: Ասում են՝ այս շինությունը հիմա այսպիսին է արդեն կամ այնպիսին, և դիմացինը բացահայտում է այն ինֆորմացիան, որն իրեն հետաքրքրում է»,- ասաց Մարտիրոսյանը: Նա շետեց, որ հաճախ նմանատիպ գործողություններն ադրբեջանցիներն իրականացնում են հայրենասիրական ցանցային խմբերի միջոցով, որոնք փորձում են դա անել պետության շահերից ելնելով:
Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սոցհարթակներում ադրբեջանական կեղծ օգտատերերի կիրառած մանիպուլյացիաներին ու գործիքակազմին: Նա ասաց՝ նկատելի է, որ սկսել են հայերենին ավելի լավ տիրապետել: Նոր միտումն այն է, որ փորձում են գործողություններ իրականացնել ոչ միայն Facebook կամ Odnoklassnik սոցէջերում, այլ նաև WhattsApp հավելվածի միջոցով
«Իմ կարծիքով, զորամասը քննարկելն անծանոթի հետ այսպես թե այնպես սխալ է: Եթե խնդիր կա ավելի մոտ շփվելու, ապա պետք է պահանջել, որ տեսազանգով շփվեք: Այդ դեպքում, որքան էլ լավ հայերեն խոսեն, միևնույն է՝ կոնկրետ ակցենտ ունեն, որը պարզ կնկատեք»,-ասաց մասնագետը:
Նախորդ ամսվա սկզբին ադրբեջանական հաքերները սկսեցին տարածել Հայաստանի՝ կորոնավիրուսով վարակվածներին առնչվող ցուցակներ, սակայն, Մարտիրոսյանի խոսքով, վերջին երկու-երեք օրում նաև հրապարակել են անձնագրային, զորամասային տվյալներ: Մարտիրոսյանը շեշտեց, որ սա խոսում է հայկական կողմի այն անփութության մասին, որ էլփոստերի միջոցով նաև ռազմական բնույթի տեղեկություն են ուղարկում:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի հետ: Նա 1lurer.am-ին հայտնեց, որ այս դեպքում խոսքը համացանցային հիգիենայի ու անձնական տվյալների պաշտպանության մասին է: Նա շեշտեց, որ ամեն մարդ պետք է նկատի ունենա, որ ինքը համացանցում նաև կարող է դառնալ հաքերների թիրախ: Հայրապետյանը նշեց, որ «հաքեր» բառը օգտագործելով՝ նկատի ունի բոլոր նրանց, ովքեր կոտրում են մարդկանց էջերը կամ տիրանում դրանց, կամ մարդու ինքնությունը գողանալով՝ հանդես գալիս տվյալ մարդու անունից:
«Սոցիալական ցանցերում ինչ-որ բան հրապարակելիս պետք է զգոն լինել: Զգոնությունը միանգամից երկու թիրախի է հարվածում: Նախ՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չտարածեն իրենց մասին զգայուն ինֆորմացիա՝ բոլորի համար հանրամատչելի եղանակով: Հետագայում դա կարող է բացասաբար անդրադառնալ իրեց կյանքին: Չարագործները կարող են ընկերանալ մարդու հետ և հենց մարդու տված ինֆորմացիայի միջոցով հանդես գալ: Օրինակ՝ ընկերանալու համար պարբերաբար հետևում են մարդու համացանցային վարքագծին՝ իմանում՝ երբ են գնում աշխատանքի կամ արձակուրդ և այլ արժեքավոր ու լրացուցիչ ինֆորմացիա»,- ասաց Հայրապետյանը:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի խոսքով՝ կան նաև այլ կազմակերպչական միջոցներ, որոնք ևս պետք է կիրառել, օրինակ՝ գաղտնաբառ ընտրելիս: Նա խորհուրդ տվեց, որ գաղտաբառն ավելի անվտանգ կլինի, եթե համադրվեն սիմվոլներ, տառեր և թվեր: Հայրապետյանը շեշտեց, որ որքան շատ լինեն սիմվոլները, այդքան դժվար կլինի այն մեխանիկական հաշվարկման միջոցով վերհանել: Մասնագետը քաղաքացիներին հորդորեց նաև չօգտագործել միևնույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակներում:
Գևորգ Հայրապետյանն ասաց, որ պետք է զգույշ լինեն նաև էլփոստով եկած հղումներին: Երբ գալիս են ֆայլերով ու հղումներով տարբեր հաղորդագրություններ, որոնք կասկածելի են, ապա ոչ մի դեպքում չպետք է սեղմել դրանց վրա: Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ եթե անգամ ընկերների կողմից ստանում են հաղորդագրություն, որն իր բովանդակությամբ կասկած կարող է առաջացնել և նման չէ ընկերոջ առօրյա խոսակցությանը, բառապաշարին, ապա արժեքավոր ինֆորմացիա նրանց փոխանցելուց առաջ պետք է, օրինակ՝ զանգել և համոզվել, որ գործ ունեն հենց իրենց ընկերոջ հետ: