«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից հաղորդում են, որ Լոռիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համար արժանացել են դրամաշնորհի։
Տեղական ժողովրդավարական գրասենյակների գործակալությունը (ALDA) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ստորագրել են դրամաշնորհի համաձայնագիր «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում։
«ՔՈԱՖ-ի առաքելությունը գյուղական համայնքների կայուն զարգացումն է՝ տեղի ռեսուրսների ակտիվացման և գործարկման շնորհիվ։ Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը թույլ է տալիս տնտեսական թռիչքային աճ ապահովել։ Լոռին բնական և մարդածին հնարավորությունների մի մեծ փունջ է, որի գրագետ և նորարարական շեշտադրումները բերելու են տուրիզմի աննախադեպ աճի։ Մեզ համար մեծ պատիվ է այս ոլորտում ևս վայելել Եվրոպական միության և միջազգային հռչակավոր կազմակերպությունների վստահելի գործընկերոջ համբավը»,- ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրագործվող դրամաշնորհային մրցույթը համատեղ վարում են ALDA-ն, Համայնքների ֆինանսիստների միավորումը և Հայաստանի համայնքների միությունը։ Միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների համար դիմած տասնյակ արժանի ծրագրերը քննարկելիս կազմակերպիչները որոշել են կենտրոնացնել ռեսուրսները մեկ տարածքում՝ Լոռու մարզի Դեբեդի կիրճում։
ՔՈԱՖ-ի առաջարկած բազմամրցակցային և բազմաոլորտային մոտեցմամբ նախագիծը շահող երկու ծրագրերից մեկն է։ Այն միտված է խթանելու զբոսաշրջությունը և բացօթյա հանգստի զարգացումը Լոռու մարզում՝ ակտիվացնելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի և այցելուների կենտրոնի ունեցած ռեսուրսները։
«ՔՈԱՖ-ի փորձը Լոռու մարզում հենց տուրիզմի ոլորտում՝ կարողությունների զարգացման, տուրիզմի խթանման, երիտասարդների ներգրավման բաղադրիչներով, մեզ համար շատ արժեքավոր է։ Այն հնարավորությունները և ռեսուրսները, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներդնելու է ՔՈԱՖ-ը, թույլ կտան առավել արագ և արդյունավետ ճանապարհներով իրագործել մեր նպատակները»,- նշել է Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը։