Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ անձամբ ինքը արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում է: Մեջբերեց պարետատան նիստից հետո վարչապետի հայտարարությունը, թե «ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարացվի»: Թորոսյանի խոսքով՝ մտածում են նաև արտակարգ դրությունից հետո նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին:
«Այսինքն՝ արտակարգ դրությունը եթե դադարի, մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր հասարակությանը պահպանել կանոնները՝ դիմակներ կրել, սոցիալական հեռավորության պահել, տնտեսավարողների մոտ սահմանափակումներ կիրառել: Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել»,- ասաց նախարարը:
Թորոսյանը շեշտեց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա այնքան, որքան առկա է այդ մարտահրավերը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով կամ այլ իրավակարգավորումներ չունենալով ունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ աղետալի հետևանքներով»,- ասաց Թորոսյանը: